Ստամոքսային փառատոններ կունենանք
Ազգային խոհանոցը մեծ դերակատարություն ունի որպես տուրիզմի առաջարկ, այն առնչվում է մարդու քիմքի հետ, եւ մոռացվում է ամենաուշը: Ահա ինչու նախաձեռնել ենք փառատոններ, դրանցից մեկը՝ տոնածիսական կերակրատեսակների փառատոն:
Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով Հայաստանի ներգնա տուրիզմի հեռանկարների եւ փառատոնների մասին:
Նրա խոսքով՝ խոհանոցի զարգացման ոլորտում այս անգամ կարեւորվել են տոնա-ծիսական կերակրատեսակները: Մամուլյանի համոզմամբ՝ հայ ազգը այն եզակի ազգերից է, որն ունի լավ մշակված սննդի համակարգ 365 օրվա համար: Որպես տուրիստական փաթեթ առաջարկվում են կերակրատեսակների 30 տարբերակներ, որոնց ցանկը հետագա տարիներին էլ ավելի կընդլայնվի:
՛՛Զբոսաշրջիներին առաջարկում ենք հայկական ավանդական կերակրատեսակները՝ մախոխ, բոզբաշ,քաշիկա, տոլմա: Ի դեպ, տոլմայի 70 տեսակների մասին առաջիկայում նաեւ գիրք լույս կտեսնի: Երբ ՛՛Ոսկե ծիրանի՛՛ շրջանակներում անցկացվեց տոլմայի փառատոն, դրանից հետո ՛՛Ոսկե ծիրանի՛՛ հյուրերը մասսայաբար տոլմա էին պատվիրում,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Ըստ բանախոսի, մինչ այժմ հայկական խոհանոցը շատ վատ է լուսաբանվել, եւ հիմա վիճակը քիչ թե շատ շտկվում է՝ շնորհիվլույս տեսած գրականության:
Խոսելով փառատոնների մասին, նա նշեց, որ հուլիսի 11-ին տոլմայի երկրորդ փառատոնը անց կկացվի Սարդարապատում, օգոստոսի 11-ին Սեւանի շրջանի Ծաղկունք գյուղում կնշվի Նավասարդը, Արագածի վրա կրակ կվառվի եւ կանցկացվի թոնրում պատրաստված կերակրատեսակների փառատոն, սեպտեմբերի 8-ին Ախթալայում կանցկացվի խորովածի փառատոն, իսկ հոկտեմբերի 6-ին՝ գինու տոն Արենիում:
՛՛Այդ փառատոնների նպատակն այն է, որ թույլ չտանք այլ ազգերին ոտնձգություն այս անգամ թոնրի կերակրատեսակների հանդեպ, ինչպես եղավ հարիսայի դեպքում: Պետք է համախմբվենք ու պահպանենք մեր ազգային խոհանոցը ՛՛- նշեց Ս.Մամուլյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Ռոմեա՛՛ գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, նշեց, որ Հայաստանն իր դիրքով, պատմությամբ եւ մշակույթով գայթակղիչ է աշխարհի ցանկացած զբոսաշրջիկի համար, սակայն միշտ խնդիր է առաջանում, թե ինչպես են կերակրելու այդ զբոսաշրջիկներին, որպեսզի չկրկնվեն կերակրատեսակները, եւ որպեսզի տպավորվի նրանց վրա թե տեսածը, թե համտեսածը: