Եւս մեկ նախագահացու
Ընտրությունները այնքան սպասելի էին, որ հենց սկզբից մենք հրաժարվեցինք դրանց մասնակցել: Ցավոք, Հայաստանում վաղուց արդեն ընտրությունները ոչինչ չեն փոխում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ խոսելով հետընտրական տրամադրությունների մասին:
Նրա խոսքով՝ օլիգարխիկ կառավարման ձեւը Հայաստանում աստիճանաբար տեսանելի է դառնում, եւ այդ համատեքստում անհասկանալի է դառնում կառավարմանը քաղաքական ուժերի մասնակցությանը պահը:
՛՛Կար կոալիցիա, մենք տեսանք, որ հինգ տարի անց կոալիցիայի ուժերը սկսեցին միմյանց հայհոյել՝ ձայներ փախցնելու համար, հիմա նորից պիտի կոալիցիա կազմեն: Ահա հայկական պարադոքսներից մեկը՛՛,- կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը՝ թվելով Հայաստանում առկա մի շարք պարադոսքներ: Ըստ բանախոսի, այդ պարադոքսներից մյուսն այն է, որ ՀՀ վարչապետը դեմ է մաքսային միություն ստեղծելուն, բայց կողմ է Ազատ գոտու եվ Եվրագոտուն միանալուն, որ իշխանությունները ժողովրդին ասում են, որ Հայաստանը պետք է ազատվի մենաշնորհներից, բայց ամենաթունդ օլիգարխները դառնում են խորհրդարանի անդամ:
՛՛Կամաց-կամաց Հայաստանը դառնում է պարադոքսների երկիր, եւ այդ պարադոքսների վերջը չի երեւում, չեմ էլ հասկանում ժողովուրդը մեր պետությունից ինչ է ուզում: Ում հարցնես՝ ինչ քաղաքական կամ տնտեսական համակարգ է տիրում Հայաստանում, ինչ արտաքին քաղաքականություն ենք վարում, կոալիցիա կստեղծվի թե ոչ՝ պատասխաններ չկան: Եվ ռացիոնալ տարր քաղաքականության մեջ չկա՛՛,- նշեց Արամ Կարապետյանը:
Նա շեշտեց, որ առաջադրվելու է առաջիկա նախագահական ընտրություններին, ժողովրդին առաջարկելով ծանր վիճակից դուրս գալու ելքեր: