Արամ Կարապետյանը խորհրդարանական ընդդիմությանը տեսնում է միայն սկանդալային դաշտում
Եթե Հայաստանում բոլոր վտանգավոր հանգամանքները կուտակվեն, ժողովրդի մեջ կարող է պայթյուն տեղի ունենալ:Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների մասին:
՛՛Եկել է այն պահը, երբ հեղափոխություն կարող են անել ոչ թե քաղաքական ուժերը, այլ այն մարդիկ, որոնք դուրս են երեք նախագահների ուղեծրից՛՛,-կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը:
Անդրադառնալով հնարավոր կոալիցիաների ձեւավորմանը, նա նշեց, որ կկազմվի կոալիցիա նույն կազմով, ինչ եղել է նախկինում, նույն կերպ կբաշխվեն նախարարական պորտֆելները, սակայն, Ա.Կարապետյանի կարծիքով, դրանից ժողովրդի կյանքում ոչ մի էական բան չի փոխվի:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ որպես ընդդիմություն վերածվելու հեռանկարներին, նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չի կարող օլիգարխը ընդդիմություն լինել, այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ Հայաստանում օլիգարխ դառնալ՝ չօգտագործելով իշխանության հնարավորություններն ու լծակները:
Ընդդիմության վերաբերյալ Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը մասնակցելով ընտրություններին լեգիտիմացրեց ընտրությունները:
՛՛Ես խորհրդարանական ընդդիմությանը տեսնում եմ միմիայն սկանդալային դաշտում, ուրիշ ոչինչ ընդդիմությունը փոխել չի կարող՛՛,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքով՝ այս ընտրությունների եւս մեկ պարադոքսներից է այն երեւույթը, որ խորհրդարանան անցածների մեծ մասը մանդատները վայր է դնում:
՛՛Մարդիկ գնացել ձայն են տվել՝ հստակ իմանալով, թե ցուցակի որ համարում է իրենց թեկնածուն, եթե չէիք ուզում մանդատը, ինչու ձեւավորեցիք ցուցակ ու մտաք պայքարի մեջ:Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվի, նշանակում է՝ շատ ներողություն՝ ՛՛սարեր են շարժում՛՛,- շեշտեց Ա.Կարապետյանը:
Բանախոսի կարծիքով, ՀԱԿ-ը հասկացել է, որ չունի համաժողովրդական ալիք բարձրացնելու հնարավորությունը, քանի որ ընտրության գնաց իր ամենացածր վարկանիշի ժամանակ, եւ նախընտրական շրջնում էլ երեւաց, որ ՀԱԿ-ը դուրս չի գալու փողոց:
՛՛Դժվար եմ պատկերացնում, թե ուր են գնալու ՀԱԿ-ից դուրս եկող միավորները: Առայժմ Արամ Սարգսյանը ինքնուրույն գործող քաղաքական ուժ չէ՛՛,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:
Ապագայի համար կանխատեսումներ անելով՝ Արամ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում տնտեսական ու սոցիալական իրավիճակը կսկսի փոխվել դեպի վատը, եւ իշխանության ամենաբարձր հատվածը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ լրջորեն մտահոգվելու է այդ վիճակով եւ լուրջ քայլերի են դիմելու իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ, այս անգամ՝ ոչ բաժակաճառերի ու կարգախոսների մակարդակով: