Անկախ նրանից, ԲՀԿ-ն կլինի կոալիցիայում, թե ոչ, քաղաքական դաշտի առաջին ջութակը կմնա “Հանրապետականը”. Շարմազանով
“Կոալիցիա կձեւավորվի, թե ոչ, ԲՀԿ-ն կլինի կոալիցիայում, թե չի լինի, դա մեծապես կախված է իշխող քաղաքկան ուժի դիրքորոշումից, որովհետեւ իշխող քաղաքական կուսակցությունն է մեծամասնություն ստացել, եւ նա պետք է քննարկի, թե ինչպիսի կառավարում կլինի առաջիկա 5 տարիների համար` կոալիցիոն, թե ոչ կոալիցիոն”,- Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի` այսօր տարածած հայտարարությունը, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նոր կոալիցիայի ստեղծման հարցին:
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կոալիցիայի ստեղծման հարցը դեռ չի քննարկել: “Համոզված եմ, որ կուսակցությունը կընտրի այն ճանապարհը, որը բխում է մեր պետության ու հասարակության շահերից”:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ “մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ նշանակություն չունի”, իր մեջ որոշակի ուլտիմատում է պարունակում, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.
”Չեմ կարծում, որ Հայաստանում այնքան միամիտ գործիչներ կան, որ պատրաստ են “Հանրապետականի” հետ խոսել ուլտիմատումներով: Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ “Հանրապետականի” հետ ուլտիմատումներով խոսելն անշնորհակալ, անթույլատրելի եւ ոչ կոռեկտ գործ է: Չեմ կարծում, որ իմ գործընկերը ուլտիմատումով է խոսել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ անկախ նրանից, ԲՀԿ-ն կլինի կոալիցիայում, թե ոչ Հայաստանի քաղաքական դաշտի առաջին ջութակը կմնա Հայաստանի հանրապետական կուսակցությունը”:
Այս ամենով հանդերձ, արդյոք Զոհրաբյանի հայտարարությունը չի նշանակում, որ ԲՀԿ-ն փորձում է մեկնաբանել կոալիցիա կազմելու իր հակվածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ նույն գործիչը հայտարարել էր, որ նոր կոալիցիայի ձեւավորումը նպատակահարմար չի համարում եւ նշել էր, որ ճիշտ կլինի, եթե քաղաքական մեծամասնությունն ստանձնի ողջ պատասխանատվությունը:
Henaran.am-ի այս դիտարկմանը Էդուարդ Շարմազանվը պատասխանեց.”Քանի դեռ մեր կուսակցությունում հարցը չի քննարկվել, ես կոռեկտ չեմ համարում այլ քաղաքական կուսակցությունների բացատրություններին կամ արդարացումներին գնահատական տալ, մանավանդ, որ այդ կարծիքը չի հայտարարել նրանց կուսակցության ղեկավարը, իսկ ինձ համար պաշտոնական է կոնկրետ ԲՀԿ ղեկավարի եւ կուսակցության խոսնակի հայտարարությունը, որոնք առայժմ կոալիցիայի հետ կապված հրապարակային հայտարարությամբ հանդես չեն եկել”: