31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Սարդարապատ’ շարժման հայտարարությունը

Այսօր ‘Սարդարապատ’ շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Քրեաօլիգարխիկ վարչախումբը Հայաստանում ամբողջատիրական կարգեր հաստատելու ճանապարհին տարած հերթական ‘փառահեղ հաղթական’ արդյունքի` փուչիկների պայթյունով ու բոցավառմամբ մեկնարկած Ազգային ժողովի ‘ընտրությունների’ խորապատկերի վրա չի կարողանում հաշտվել Երեւանի Մաշտոցի պուրակում քաղաքացիական հասարակությունից կրած առաջին պարտության հետ:

Վարչախումբը ,ինչպես նաեւ նրան հովանավորող արտաքին ուժերը հասկանում են, որ այս հաղթանակը եւ այն կերտած քաղաքացիական նախաձեռնություններն են իրենց ամբողջատիրական պլանների խափանման միակ իրական վտանգները, ուստի որոշել են հակահարձակման անցնել` իր ճակատագրին տեր կանգնող եւ ատելի ու կեղեքող վարչախմբից ազատվելու այլընտրանքային ճանապարհի եզրը վերջապես նշմարող քաղաքացիական հանրույթին վարկաբեկելու եւ ներսից տրոհելու, քաղաքացիական ակտիվությունը սաղմնավորման ու մեկնարկի փուլում խեղդելու եւ չեզոքացնելու նպատակով:

Վարչախումբը կարծում է, թե արդյունավետ միջոց է գտել: Նա տեղեկատվական-հոգեբանական  պատերազմի զինանոցի  միջոցների անխտրական օգտագործմամբ անակնկալ հոգեբանական հարձակում է ձեռնարկել` ձգտելով ցնցակաթվածի ենթարկել հանրության ազգային-քաղաքացիական գիտակցությունն ու սեռային ենթագիտակցությունը եւ շեղել նրա ուշադրությունը բոլոր մնացած, այդ թվում` շահարկվող պրոբլեմները ծնող հիմնական պատճառից` իրենից, հանցավոր ու ապազգային իշխանությունից:

Իր վերահաս վախճանը գիտակցող վարչախումբը հետապնդնում է առնվազն հետեւյալ նպատակները.

հնարավորինս երկարաձգել ու ամրապնդել իր հանցավոր իշխանությունը` դրանով իսկ  խուսափելով երկրի բարոյական ու նյութական սնանկացման պատասխանատվությունից,

ստվերել քաղաքական օրակարգի անհետաձգելի հարցերը` այլընտրանքային իշխանության ձեւավորումը եւ իշխանափոխությունը,

տրոհել քաղաքացիական դիմադրությունը` ‘ազգային’ եւ ‘ազատական’  կեղծ պիտակավորումներով բաժանելով հանրությանը,

լայն հասարակության աչքում վարկաբեկել վարչախմբի կործանման եւ այլընտրանքի սաղմը` Մաշտոցի պուրակի շարժումը` նրան վերագրելով ապազգային եւ սանձարձակ հատկանիշներ:

Մենք պետք է սթափ կերպով գիտակցենք, որ նույնիսկ կայացած իրավական համակարգեր ունեցող, զարգացած ու ժողովրդավարական համարվող երկրներում սեռական փոքրամասնություններին առնչվող հարցերի համալիրը դեռեւս ավարտուն իրավական կարգավորման ենթարկված չէ, ուստի ժողովրդավարության եւ քաղաքացիականության ոլորտներում առաջին քայլերն անող մեր հանրության փխրուն միջավայրում դրանց հրահրումը անթույլատրելի է, իսկ անշրջահայաց քննարկումը կսադրի բախման ու խզման կեղծ առանցքի ձեւավորում, ինչը ջլատելով ու քայքայելով հանրությանը, ավելի խոցելի կդարձնի նրա առանձին անհատներին ու խմբերին:

Մենք պետք է նաեւ գիտակցենք, որ վարչախմբի թեթեւ ձեռքով այսրոպեական խնդիրներ լուծելու նպատակով ասպարեզ նետված այս քննարկումը հղի է նաեւ ազգային անվտանգության սպառնալիքներով. դրա շահարկմամբ փորձ է արվում մեր համազգային շահերի հաշվին հընթացս օգուտներ քաղել հայ-թուրքական թնջուկի հարցում:

Սարդարապատ շարժումը հանրությանը կոչ է անում չենթարկվել վարչախմբի սադրանքին, չընկնել մի կողմից բիրտ անհանդուրժողականության եւ անթույլատրելի բռնության եւ մյուս կողմից` սեռական սանձարձակության ու մարտնչող ապազգայնության միջեւ մեզ հրամցվող այս յուրօրինակ կեղծ ընտրության երկվության մեջ, չշեղվել քաղաքական օրակարգի  հիմնական` այլընտրանքային ճանապարհով պետականության նորոգման հարցից, այլ տեր կանգնել իր հաղթանակին եւ զարգացնելով այն` համերաշխության ու միասնական պայքարի միջոցով ստեղծել փոխադարձ հանդուրժողականության ու միմյանց շահերի արդարացի հավասարկշռման վրա հիմնված պետություն եւ հասարակություն, որտեղ չեն խախտվի մարդկանց իրավունքները, չի լինի հանրային բարոյականության ոտնահարում կամ խտրականություն ու բռնություն’,- ասված է հայտարարության մեջ:

Henaran.am-ին հաղորդում են ‘Սարդարապատ’ շարժման մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ