ՀՀԿ-ԲՀԿ ամուսնական դրամա
Իր ֆեյսբուքյան էջում հերթական քաղաքական վերլուծությունն է թողել ‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Մասնավորապես.
‘Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կամ ՀՀԿ-ԲՀԿ թատերական ներկայացումը նման էր վիճված ամուսնական զույգի դրամային, որտեղ ամուսինը ամեն մի վեճից հետո կնոջը անընդհատ ճամպրուկներով ղրկում է հորանց տուն, իսկ կինը վիճվելուց ու տունը լքելուց առաջ, ի պատասխան եւ ի ցտեսություն, դամաշնիկն է շպրտում ամուսնու վրա: Ու այդ տեսարանը հարեւանների առջեւ բեմականացնում են բավականին հաճախ, որոնք, սակայան, միշտ ավարտվում են անկողնով: Մի կողմ թողնենք այն, որ այս անհաշտ զույգի քավորը` առաջին նախագահը, ժամանակ առ ժամանակ, ինքն էլ չի կողմնորոշվում, թե կողակիցներից որն է ճիշտ եւ որի “ճիշտը” պահի: Նրանցից որ կողմը ոնց էլ “ճիշտուսխալ արեց”, միշտ մեղավորը չորրոդներն էին, այդ թվում` “Ժառանգությունը”:
Ու էս ներկայացման նեղմաջալներին, իսկ ավելի ստույգ` ամիսներով Ռ.Քոչարյանի լրատվամիջոցների տնաբույծ “վերլուծաբանները” զույգերի խռովքի պահերին 7 օրուգիշեր գրում էին “Ժառանգության” “ծախվելու” մասին, քանի որ վերջինս քլնգում էր բոլորի անդդորը խանգարած երկու զույգին ու նրանց պրոդյուսեր քավորին: Վերջին 1 ամսում այդ “վերլուծամիջոցների” բայղուշ “մեներգությունը” վերածվեց դուետի, երբ այս անգամ ՀԱԿ լրատվամիջոցները համեստաբար եւ անսպասելիորեն /որովհետեւ հրաժարվեցին 1-ինը լինելու մենաշնորհից/ ու ստանձնեցին բեկվոկալի գործառույթը: Ու խոռը /երգչախումբ չեմ ասում/, իբրեւ կայացած փաստ, փորձում էր ներկայացնել, թե “Ժառանգությունը” ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմելու, եւ դրա “ապացույցն այն է”, որ քննադատում է ընտրատրակտոր բաժանող ԲՀԿ-ին, ով հեսա-հեսա ՀԱԿ-ի հետ միասին իրականացնելու է վիժեցված հեղափոխությունը եւ չկայացած փեսացուին տանից դուրս են հանելու/…. Բա: Չգիտեիք` իմացեք: Չստացված երգուպարի, հետո թավշյա, իսկ հիմա էլ տրակտորային հեղափոխություն:
Դեհ, փեսացուի դաշտն էլ բավականություն էր ստանում նրանից, թե ինչպես են տարբեր ժամանակներում իր վրա դամաշնիկը շպրտած մյուս երկու խանդոտ սերերը փորձում խժռել այն ամենը, ինչը խանգարում է թե իրեն, թե նրանց: Հետո խռոված կինը միասնական շտաբի դռան փալասի վրա մաքրեց ոտքերն, ու հայդե մարդու տուն:
Իսկ մնացածն ինչպես գիտեք… Կինոն ավարտվեց, երբ Գելափը լիքն ու բարով գնաց, իսկ ԿԸՀ-ին թողեց միայն բարաթը….
Մնում է ընդամենը ազդարարել նորացված հին կոալիցիայի, թյու` վերամիավորված ընտանիքի մասին այնպես ու այնպիսի անունով, որ մի քիչ շատ անհարմար պահ չստեղծվի կողմերի համար. կասեն` կոալիցիա չեն, բայց համատեղ կառավարում են, մեկը` խոհանոցում, մյուսը` ննջասենյակում: Ճաշասենյակն էլ հյուրերի ու քավորի համար, երբ գժտված զույգերը առանձին-առանձին հյուրընկալեն նրան:
Բայց դե հարսանիքի “վերլուծական” խոռն ինչ ասի: Կասի, խոսք էին առել “Ժառանգությունից”, բայց քցեցին: Չեղած արժանապատվությունն այսպես էլ կարելի է պահել: Չէ որ բոլորը “դեմքը պահելու” խնդիր ունեն?: Հո այդ կիսաֆաբրիկատ ու տնաբույծ վերլուծաբաններին խայտառակ չեն անելու ալամ աշխարհի առաջ: Էլի են չէ պետք գալու: Դեմը նախագահական-մախագահական հարսանիք բան կա:
Ադֆաթով հարսանիքները պետք է 7օրուգիշեր լինեն: Կորչեն դհոլները: Հարսանքավորների մեջ արդեն լիքը այդպիսի ժողգործիքներ կան: Խոռն էլ կա ու կա’: