Ցուցակների անճշտության վերաբերյալ հայտարարությունները քաղաքական շահարկումներ են. Հովհաննես Քոչարյան
“Ցավում եմ, որ նման հայտարարություններ եղան քաղաքական գործիչների շուրթերից: Ես ուղղակի տարակուսում եմ, թե ինչպես կարելի է նման հայտարարություն անել եւ որեւէ ապացույց չներկայացնել կամ գոնե չփաստարկել”,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների խնդրանքով մեկնաբանելոց ընտրողների ցուցակներում անճշտությունների մասին միասնական շտաբի հայտարարությունները, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ողջ քվեարկության օրը ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունը ընդամենը մեկ բողոք է ստացել ցուցակների անճշտության վերաբերյալ եւ տրամադրել է 160 տեղեկանաք այն քաղաքացիներին, ովքեր ցուցակից դուրս են մնացել:
”Այս ցուցանիշները երբեւէ մենք ունեցե ՞ լ ենք: Փորձեք համեմատել նախորդ ընտրական գործընթացների հետ: Սա բացառիկ, աննախադեպ ցուցանիշ է: Ընտրացուցակների ճշտությունը կասկած չի հարուցել”,-ասաց բանախոսը:
Անձնագրային և վիզաների վարչության պետը քաղաքական շահարկում անվանեց ցուցակների անճշտությունների հետ կապված հայտարարությունները: Նա նշեց, որ ընտրացուցակների ճշգրտմանը նպաստեց դրանց հրապարակային լինելը, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների հետ ոստիկանության սերտ աշխատանքը եւ ոստիկանության շահագրգռվածությունը. “Բոլոր շտաբների հետ սերտ աշխատել ենք, բոլոր հրապարակումներին արձագանքել ենք, չնայած լավ ենք հասկացել, որ ապատեղեկատվությունն էլ է շատ, միեւնույնն է, արձագանքել ենք”:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ մահացած անձանց ցուցակներում հայտնաբերել է հենց ոստիկանությունն իր նախաձեռնությամբ: Նա նշեց, որ այդ անձանց վերաբերյալ պետռեգիստրն ինֆորմացիա չի ունեցել: “Չնայած, որ այդ անձանց ցուցակներում թողնելը ռեգիստրի կանոնների խախտում չէր, բայց ոստիկանության նկատմամբ հանրային վերահսկողությունը մեծացնելու համար մենք գնացինք այդ քայլին”,-ասաց նա: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ողջ ընտրական գործընթացի ընթացքում ընդամնեը 23 անճշտություն է եղել: