Ծոմակի համար
“Քաղաքացիական հասարակության ինստիտուտ’’ ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
‘’Մայիսի 8-ին հրկիզվել է Երեւանի Փարպեցի 14/11 հասցեում գործող DIY ակումբը։ Երկու երիտասարդ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով` դիտավորությամբ գույքի ոչնչացում առանձնապես խոշոր չափերի վնասով։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի երաշխավորությամբ գրավի եւ բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրության հիման վրա երիտասարդներն ազատ են արձակվել։
Արծվիկ Մինասյանը հիմնավորել է իրենց գործողությունները նրանով, որ ‘’Ծոմակի [DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան] տեսակը ոչնչացնում է հայ հասարակությունը։ Այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով’’:
Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. ‘’Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ’’։
‘’Քաղաքական գործիչների կողմից նմանատիպ հայտարարությունները խրախուսում եւ արդարացնում են այսօրինակ հանցագործությունները, որոնք հիմնված են խտրականության եւ ատելության վրա։ Նրանք, նման դիրքորոշումներ արտահայտելով, դառնում են հանցակից, նպաստում են այս տեսակի հանցագործությունների տարածմանը’’,-նշում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում զերծ մնալ բռնությունն արդարացնող եւ խրախուսող հայտարարություններից եւ դիրքորոշումներից։ Որպես համամարդկային եւ ազգային արժեք ընդունել մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը, ցանկացած խտրականության դրեւսորման արգելքը՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները։
Պահանջում ենք ՀՀ քրեական վարույթ իրականացնող մարմնից նշված դեպքով 185 հոդվածից բացի գործի մեջ ընդգրկել նաեւ 143-րդ հոդվածը՝ ‘’Քաղաքացիների իրավահավասարություն խախտելը’,- ասված է հայտարարության մեջ: