‘Սրանք գալուբոյ են”. “Բազմազանության շքերթը”, “հակաշքերթն” ու ոստիկանությունը բախվել են /վիդեո/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը այսօր Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքից մեկնարկել է ”Բազմազանության շքերթ”-ը, որը նախաձեռնել են “Կանանց ռեսուրսային կենտրոն” եւ “Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ները մշակութային բազմազանության օրվա կապակցությամբ:
Սոցցանցերում քննարկվում է, որ իրականում սա ‘’գեյ-շքերթ’’ է` ”Բազմազանության շքերթ” անվան տակ:
Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, ”Բազմազանության շքերթ”-ն իսկապես բազմազան է անցնում: Շքերթին զուգահեռ տեղի է ունենում եւս մի շքերթ: Մի խումբ երիտասարդներ` ‘Սրանք գալուբոյ են”, “Ոչ այլասերմանը” եւ նմանատիպ պաստառներով իրենց հերթին երթ են անցկացնում, որն ուղեցվում է ռազմահայրենասիրական երգերով:
“Բազմազանության շքերթ”-ը հսկում են ոստիկանները, որոնք կանխում են երկու խմբերի միջեւ բախումնային սցենարների զարգացումը:
Շքերթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվում են Աբովյան փողոց: Շքերթի երթուղին հետեւյալն է` ‘’Կասկադ’’ համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Շառլ Ազնավուրի հրապարակ:
Փորձ եղավ կոնֆլիկտ հրահրել այս երկու խմբավորումների միջեւ, երբ մի երիտասարդ խլեց ‘’Բազմազանության շքերթ’’-ի մասնակցի պաստառը: Ոստիկանները հսկում են երթի ընթացքը: Քիչ անց բախումներ են տեղի ունեցել ‘’բազմազանության’’ երթին դեմ արտահայտվողների և ոստիկանության միջև:
Ոստիկանությունն անմիջապես փորձել է բաժանել մասնակիցներն, սակայն բախումները պարբերաբար կրկնվում են։
Ներկայումս ոստիկանությունը թույլ չի տալիս շքերթի դեմ արտահայտվող երիտասարդներին մտնել Նկարիչների տուն, որտեղ գտնվում են ակցիայի կազմակերպիչները, որի արդյունքում բախում է եղել ամբոխի և կարմիր բերետավորների միջև։
‘’Բազմազանության’’ շքերթին դեմ արտահայտվողները գերակշիռ թիվ են կազմում, նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։Անգամ ոստիկանների ներկայությունը չի հանգստացրել նրանց, եւ Նկարիչների միության շենքի դիմաց նրանք սկսել են քոչարի պարել:
Տեսանյութը` Mediamax-ի