Բազմազանությանը խանգարեց Քոչարյանը
“Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի հայտարարեց, որ երեկ “Մշակութային բազմազանություն” խորագրով տեղի ունեցած երթը ապատեղեկատվության պատճառով վերածվեց իսկական քաոսի:
“Աբսուրդի գագաթնակետն էր՝ հայտարարել, թե տեղի ունեցածը “գեյ-շքերթ” է: Չգիտեմ, թե ով է դրա հետեւում կանգնած, ում էր պետք այդ ապատեղեկատվությունը”,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ Երեւանում անցկացված “Մշակութային բազմազանության” շքերթը չի կայացել: Ոմանք խանգարել են` գտնելով, որ դա իրականում “գեյ-շքերթ” է:
Ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի, Հայաստանում հանդուրժողականություն չկա, եւ դա հասկացողների թիվը շատ քիչ է:
“Երեկ տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած առաջին քայլերից էր, որը շարունակություն կունենա եւ Հայաստանին կհասցնի անդունդի եզրին: Մեզ սպասում են ավելի լուրջ պրոբլեմներ: Դեռ չեմ կարող ասել, թե ինչ պետք է անել, բայց պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, պետք է ճակատ կազմել, որպեսզի դրա դեմն առնենք: Ասեմ Ձեզ՝ մենք քիչ ենք լինելու այդ ճակատում”,- ասաց նա:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը ափսոսանքով ասաց, որ այս տոնը պետք է նշեր ոչ միայն Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, այլեւ ՀՀ կառավարությունը: “Ցավում եմ, որ այսպիսի միջադեպ եղավ: Գուցե իրազեկությունը բարձր չէր, գուցե կառավարությունը, ՄԱԿ-ն ու ԶԼՄ-ներն էին մեղավոր”,- ասաց նա:
Հրապարակախոս-գրող Մարինե Պետրոսյանն էլ ասաց, որ ամբողջ հակա-օպերացիան կոորդինացնում էր Տիգրան Քոչարյանը: “Ես կարող եմ մեկի անունը 100%-ով նշել, ով նաեւ կատակով չի էլ ժխտում: Տիգրան Քոչարյան, ով վերջում ինչ որ մեկին զեկուցեց եւ իր արածից գոհ տուն գնաց”,-ասաց տիկին Պետրոսյանը:
Երբ լրագրողները փորձեցին բանախոսներից պարզել, թե արդյոք մշակութային բազմազանությունը նաեւ սեռային բազմազանություն է նշանակում` Միքայել Դանիելյանը զայրացած դուրս եկավ դահլիճից, ասելով. “Ես չեմ սիրում, որ ասուլիսը դառնում է դասախոսություն, քոռանամ ես, վայ”:
Դրանից հետո արդեն ասուլիսի բանախոսները սկսեցին անհիմն գոռգոռոցներով մեղադրել բոլորին, որ երեկ անհանդուրժողականության պատճառով երթի մասնակիցները թքել են իրենց ընկերների վրա, վառված ծխախոտ են նետել նրանց վրա եւ հայհոյել: