Ոստիկանության ուղերձը դպրոցականներին
Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել դպրոցականների ‘Վերջին զանգ’-ի հետ կապված, որում մասնավորապես ասված է.
‘Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի ‘Վերջին զանգը’, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված կամ, Աստված մի արասցե, փորձանք չմթագնի օրվա տոնականությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս օրերին անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է. համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել ‘Վերջին զանգի’ հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Դա բոլորիս ցանկությունն է, եւ համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Միեւնույն ժամանակ, հարկ ենք անում մեկ անգամ եւս կոչ անել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջեւ:
Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ:
Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, շնորհավորում ենք ձեզ ‘Վերջին զանգի’ անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, եւ հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան’,- ասված է հաղորդագրության մեջ:
Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից