Որ մենք էլ մի 50 մանդատ ունենայինք, մեր անուններն էլ կիմանայիք. Ա. Մինասյանը սպասում է ԳՄ-ի որոշմանը
ՀՅԴ-ն մանդատների հարցը դեռ չի քննարկել: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործող պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ իր` մանդատն ստանալու հարցը նույնպես դեռ պարզ չէ.”Կուսակցությունը ոնց որոշի, այդպես էլ կլինի”:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՅԴ-ի հապաղումն այս հարցում: Բացի ՀՅԴ-ից եւ “Ժառանգություն”-ից, մյուս քաղաքական ուժերի ինքնաբացարկների մասին տեղեկանում ենք:
“Դե , որ մենք էլ մի 50 մանդատ ունենայինք, մեր անուններն էլ կիմանայիք”,-նկատեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե սպասվո՞ւմ են ինքնաբացարկներ ՀՅԴ-ից, նա ապատասխանեց .”Կքննարկվի, վերջնական որոշումը կլինի, նոր տեղեկատվությունը կտարածվի”: Արծվիկ Մինասյանը, հիշեցնելով, որ ինքը ՀՅԴ ԳՄ անդամ չէ, դժվարացավ նշել, թե հարցը ՀՅԴ ԳՄ-ն երբ կքննարկի:
Պարոն Մինասյանին խնդրեցինք ներկայացնել իր անձնական տեսակետը, արդյո՞ք ՀՅԴ խմբակցությունում էական փոփոխությունների անհրաժեշտություն կա: “Հարցը կրկին կախված է ՀՅԴ ԳՄ որոշումից: Նոր իրողություններ են, նոր մարտահրավերներ, եւ մենք պետք է կարողանանք դրան պատասխան կուռ, ճկուն, ամուր ֆրակցիա ունենալ: Այդ համատեքստում պետք է քննարկվի, թե ինչ ֆրակցիա է լինելու”:
Արծվիկ Մինասյանը մեկնաբանեց նաեւ այօսրվա մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ՀՅԴ-ն ընտրողների մի մասին կորցրեց միասնական շտաբում ակտիվության պատճառով: Ըստ մամուլի, ՀՅԴ-ի ընտրազանգվածի մի մասը հակվեց դեպի նույն շտաբի մաս կազմող ԲՀԿ-ն, որը ընդդիմադիր կեցվածք է ընդունել:
“Այդպիսի հապճեպ եզրակացություններ պետք չի կատարել, մենք վերլուծում ենք ընդհանուր իրավիճակը, արդյունքները: Նախնական գնահատականները տրված են ընտրությունների վերաբերյալ, երբ առանձին անդրադարձ կլինի, նոր կարող ենք խոսել”,-նշեց Արծվիկ Մինասյանը: