Վերջին զանգին տոնական համերգ` Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011- 2012 ուսումնական տարում քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Ըստ այդմ, բնակչության շրջանում զգալի դրական ազդեցություն է թողել քաղաքապետի նախաձեռնությամբ մանկապարտեզներն անվճար դարձնելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշումն ու զգալիորեն ավելացել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Ներդրվել և կիրառվում են երեխաների հերթագրման,ընդունելության և հաճախելիության հստակ մեխանիզմներ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար բացվել են 6 կենտրոններ: Անդրադառնալով մանկապարտեզների սննդակարգին, Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շուրջ 40 մանկապարտեզներում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց հիման վրա հայտնաբերված թերությունների դեպքերում տնօրենները ենթարկվել են կարգապահական տույժերի, իսկ նրանցից 5-ը ազատվել է զբաղեցված պաշտոնից: Համապատասխան մասնագետների հետ վերանայվել է նաև երեխաներին անհրաժեշտ կալորիականություն ապահովող սննդակարգը:
Հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր 161 մանկապարտեզներն արդեն ապահովված են ջեռուցմամբ: Թարմացվում է մանկապարտեզների գույքը։ Քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով 12 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման, 5 –ում` տանիքների նորոգման և 4 մանկապարտեզներում սանհանգույցների նորոգման աշխատանքներ: Հանրակրթական դպրոցներում 2011-2012 ուսումնական տարում կատարված աշխատանքների մասով նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի արդյունքում, դպրոց-աշակերտ-ծնող կապը ավելի թափանցիկ դարձնելու նպատակով, ներդրվել է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ՝ հայալեզու էլեկտրոնային ծրագրով: Դպրոցական պարտադիր ծրագրում ներառվել է շախմատ առարկան: Անցկացված առարկայական օլիմպիադաների արդյունքում 61 աշակերտ ստացել է 1-ին կարգի դիպլոմ և խրախուսվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ միջոցառումների շրջանակում կազմակերպվել են մի շարք թեմատիկ միջոցառումներ, որոնք կշարունակվեն աշնանը: Գայանե Սողոմոնյանը նշել է, որ սերտ համագործակցություն է ձևավորվել նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Ուսումնամեթոդական փորձի փոխանակման նպատակով Երևանում են գտնվում Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի ուսուցչա-դասախոսական խմբերը։ Զգալի աշխատանքներ են կատարվել նաև ուսումնական հաստատությունների բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման ու ծաղկապատման առումով։
Անդրադառնալով մայիսի 25 ին նախատեսված վերջին զանգի միջոցառումներին, Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան կառույցներին տրվել են հստակ հանձնարարականներ` Ազատության հրապարակի տոնական ձևավորումն ու համապատասխան մթնոլորտը ապահովելու ուղղությամբ: Մայիսի 25-ին, ժամը 18:00 ից մինչև 23:00–ը Ազատության հրապարակում նախատեսվում է տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ: Դպրոցների տնօրեններին հանձնարարվել է անձամբ մասնակցել համաքաղաքային միջոցառմանը և հետևել, որպեսզի նախատեսված արարողակարգից հնարավոր շեղումները բացառվեն:
Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից