‘Գարնանային սրացում’
Գարունը շնչառական եւ սիրտանոթային հիվանդությունների սրացման ժամանակահատված է. մարդու օրգանիզմը, բնակլիմայական փոփոխություններով պայմանավորված, ենթարկվում է ադապտացիոն, բիոլոգիական փոփոխությունների, եւ դա բնականոն գործընթաց է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Քանկոր’ սրտանոթային բժշկական կենտրոնի ղեկավար, վիրաբույժ Շահեն Խաչատրյանը: Նրա խոսքով` սրտային վիրահատությունները ավելացել են, սակայն դա խոսում է նաեւ այն մասին, որ մարդիկ սկսել են վստահել բժիշկներին:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավիրաբուժական բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը շեշտեց, որ բացի սիրտ-անոթային հիվանդություններից, տարվա այս շրջանում լայն տարածում ունեն նաեւ ասթմաները եւ ալերգիաների տարբեր տարատեսակները։
‘Բնության բոլոր եղանակներն էլ մարդու օրգանիզմի, առողջության վրա ներազդող թե դրական, թե բացասական բազմաթիվ գործոններ ունեն’,- ասաց գլխավոր թոքաբանը: Նրա բնորոշմամբ ‘գարնանային սրացում’ ասվածը կարելի է հնացած արտահայտություն համարել, քանի որ բուժման ժամանակակից մեթոդները նոր հնարավորություններ են ստեղծում։
‘Գարունը առողջությունը պահպանելու եւ ամրապնդելու համար կարեւոր շրջան է։ Այն բազմաթիվ հորմոնալ փոփոխություններ է բերում, ինչն էլ հիվանդությունների ներթափանցման առիթ է դառնում’,- պատմեց Ոսկանյանը: Բանախոսների հավաստմամբ` թե շնչառական, թե սրտանոթային հիվանդություններից խուսափելու լավագույն բաղադրատոմսը առողջությանը հավուր պատշաճի ուշադրություն դարձնելն է, ճիշտ ժամանակին մասնագետին դիմելը, ինքնաբուժումից խուսափելը: