31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն ինտրիգ մտցրեց նախագահական ընտրություններում

Դժվար կանխատեսելի էր ԲՀԿ-ի որոշումը՝ կոալիցիա չմտնելու, ուրախ եմ այդ որոշման համար, ձեւական կոալիցիաներ պետք չեն, եւ բացի այդ, որոշակի ինտրիգ մտավ նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ԲՀԿ այսօրվա հայտարարությունը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չմտնելու վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ոչ մի էական վերլուծությունների հիմք չտվեց, քանի որ այդ հայտարարությունը չէր պարունակում շեշտադրումներ:

“Պարզապես այս պահին մի քիչ դժվար եմ պատկերացնում ԲՀԿ-ի գործունեությունը որպես ոչ իշխանական քաղաքական ուժ: Չեմ բացառում, որ ԲՀԿ մի շարք գործիչներ կհեռանան ԲՀԿ-ից, քանի որ կա մարդկային այդպիսի տեսակ, որը չի պատկերացնում իրեն իշխանությունից դուրս, հիշենք ՕԵԿ-ին, երբ ընդդիմադիր կեցվածք ընդունեց, նրա շարքերը մասսայաբար լքեցին”,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ հույս հայտնեց, որ ԲՀԿ-ի այդ քայլը չի բերի հետապնդումների:

Բանախոսը բացառեց այլ կոալիցիայի ստեղծում, իսկ  եթե համագործակցություն լինի, դա լինելու է լոկալ առանձին դեպքերի համար, առանձին օրինագծերի շուրջ, բայց ոչ երկարաժամկետ նպատակներով:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-Քոչարյանի վերադարձ կապին, քաղաքագետը բացառեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն՝ ավելացնելով.”Իհարկե Ռոբերտ Քոչարյանի մատը շատ բաներում է խառը, բայց կարծում եմ Ծառուկյանը այնքան ողջամիտ է, որ կհասկանա՝ եթե Քոչարյանի անունը ասոցացվի կուսակցության հետ, ապա երկու օրում այդ կուսակցությունը կփոշինանա: Եթե Քոչարյանը անդամագրվի ԲՀԿ-ին, դա ամենամեծ սխալը կլինի, քանի որ Քոչարյանի տեղը ոչ թե քաղաքական դաշտում է, այլ՝ ճաղերի ետեւում, նրա անունը ասոցացվում է արյան հետ՛՛:

Ինչ վերաբերում է քոչարյանական Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ական դառնալուն, Սուրեն Սուրենյանցը կարծիք հայտնեց, որ Օսկանյանը իր ոլորտում ձախողված եւ ինչ –որ քաոսային գործողություններ անող քաղաքական գործիչ է, եւ նրա անդամագրվելը ԲՀԿ-ին կրկին չի նշանակում, որ պատրաստվում են Քոչարյանին ետ բերել:

“Համոզված եմ՝ ետ բերող քաղաքական ուժի վարկանիշը շեշտակի ընկնելու է”,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով նախագահների վերադարձի թեման.՛՛Լեւոն Տեր-Պետրոսյանին մի համեմատեք Քոչարյանի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոշոր կալիբրի քաղգործիչ է, որին հաջողվեց ետ վերադառնալ, իսկ Քոչարյանը չի տիրապետում քաղաքական տեխնոլոգիաներին, նա իր հակառակորդներին միայն բանտ է նստացնում, կամ ուրիշ բան է անում, որի մասին ես չեմ խոսի՛՛,- եզրափակեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ