Առաջիկայում ՀԱԿ-ից կհեռանան եւս երկու ուժ. Սուրեն Սուրենյանց
Այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ շեշտեց, որ ինքը պաշտոնապես չի ներկայացնում ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը:
՛՛Երկու տարի առաջ ես պաշտոնապես սառեցրել եմ իմ անդամությունը ‘Հանրապետություն’ կուսակցությանը` ՀԱԿ-ի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով, բայց դա չի նշանակում, որ ես սառեցրել եմ մարդկային հարաբերությունները, ես լավ հարաբերությունների մեջ եմ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ՛՛,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Ինչ վերաբերում է ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության հետագա գործունեությանը, ապա կուսակցության նախկին անդամը նշեց, որ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությանը տեսնում է Վազգեն Սարգսյանի արժեհամակարգի շրջանակներում,իսկ փողոց դուրս գալը առաջիկայում առաջնային գործոն չի լինելու ոչ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության, ոչ էլ այլ քաղաքական ուժերի համար:
՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությանը տեսնում եմ ընդդիմադիր այնպիսի մի բեւեռի ստեղծման հիմքում, ուր եվրոպական եւ եվրոինտեգրման արժեհամակարգը կլինի առաջնային:Օբյեկտիվորեն դեռ ժամանակ է պետք, մինչեւ ժողովուրդը սովորի ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության՝ որպես ինքնուրույն միավոր գործելու հետ՛՛,- ասաց քաղաքագետը: Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք նա չի վերանայի իր անդամակցության հարցը, քանի որ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունն արդեն դուրս է եկել ՀԱԿ-ից, Սուրենյանցը պատասխանեց, որ այս պահի դրությամբ նման հարց դեռ չի քննարկվել, սակայն ցանկացած պահի կարող է վերականգնվել իր անդամակցությունը ՛Հանրապետություն՛՛ կուսակցությանը:
՛՛Անկախ որեւէ բանից, ես երբեք չեմ դավաճանի Արամ Սարգսյանին՛՛,- նշեց բանախոսը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ճիշտ են շշուկներն այն մասին, որ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը համագործակցում է իշխանության հետ, Սուրենյանցը պատասխանեց, որ մարդկային լավ հարաբերությունները ոչ միշտ են նշանակում գործարք:
՛՛Եթե Արամ Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանը ընկերներ են, կամ եթե ես եւ Արմեն Աշոտյանը, էդուարդ Շարմազանովը լավ ընկերներ ենք, դա դեռ չի նշանակում որ գործարքներ կան՛՛,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին, քաղաքագետը դրանք համարեց ՛՛անցնցում ընտրություններ՛՛, եւ դա այս ընտրական ցիկլի ամենամեծ առանձնահատկությունն էր, սակայն, նրա համոզմամբ, նոր քաղաքական որակ այս ընտրությունները չստեղծեցին:
Սուրենյանցի կարծիքով՝ իր առջեւ դրած նպատակները լուծեցին միայն հանրապետականները, ԲՀԿ-ն ավելացրեց իր մանդատները, բայց պառլամենտական խճանկարի վրա էական ազդեցություն չի գործելու: Ժառանգությունն ու ՕԵԿ-ը, ըստ բանախոսի, ստացան այն, ինչ ստացան, պարտություն կրեց Դաշնակցությունը, քանի որ ակնհայտ սխալ քարոզարշավ կազմակերպեց՝ հրաժարվելով սոցիալական խնդիրների շեշտադրումից, դրա փոխարեն կարեւորելով Հայ Դատի լուծումը:
՛՛Ընտրությունները ձախողված ավարտեց ՀԱԿ-ը, ինչը պատճառ դարձավ նրանում ինստիտուցիոնալ ճգնաժամի: ՀԱԿ-ը լուրջ ճգնաժամի մեջ է, այսօրվա ՀԱԿ-ը արդեն նման չէ այն ժամանակվա ՀԱԿ-ին: Առաջիկայում ՀԱԿ-ից կհեռանան եւս երկու գործիչ, եւ այդ համաժողովրդական շարժումից կմնա միայն կուսակցություն՛՛,- ասաց Սուրենյանցը՝ հավելելով, որ ինքը քաջ տեղյակ է, թե ովքեր են լքելու, սակայն նպատակահարմար չի գտնում բարձրաձայնել դրա մասին:
Վերջում անդրադառնալով ՕԵԿ-ին, Սուրեն Սուրենյանցը նշեց.՛՛Չեմ հասկանում Հանրապետականի ինչի էր պետք ՕԵԿ-ը : Ես կանախատեսում եմ, որ ժամանակի ընթացքում ՕԵԿ-ը կլուծվի Հանրապետական կուսակցության մեջ՛՛: