ԲՀԿ-ի հայտարարության շարունակությանը կհետեւենք աշնանը
Կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը խոսում է այն մասին, որ բանակցությունները երկու խոշոր քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ անհաջող ավարտ են ունեցել: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
”Բանակցային գործընթացը կարող էր տեղի ունենալ այն հարցերի շուրջ, որոնք կազմում են տվյալ ուժերի ծրագրային դրույթները: Այսինքն, անհամաձայնությունը կարող էր վերաբերվել երկրի արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներին: Որոշ չափով մենք տեսել ենք ԲՀԿ-ի կողմից քննադատական մոտեցումը իրավիճակին նախընտրական կամպանիայի ժամանակ: Ածանցյալ էլեմենտը, որի մասին կարող էր խոսք գնալ, բնականաբար, դա քաղաքական մասնակցության խնդիրն է”,-նշեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովի խոսքով, ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն կարող է հանդես գալ որպես կառուցողական ընդդիմություն` խորհրդարանում ներկայացնելով սեփական դիրքորոշումը այս կամ այն խնդիրների շուրջ եւ այս կամ այն հարցերի շուրջ ՀՀԿ-ի հետ մտնել մարտավարական համաձայնությունների մեջ, եթե նրանք ՀՀԿ-ի կողմից առաջադրած նախաձեռնությունները դիտարկեն որպես իրենց համար նպատակահարմար:
‘’ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիայի եւ կուսակցության ղեկավարության խնդիրն է լինելու քննարկել այն քաղաքական դիրքորոշումը, որը նրանք զբաղեցնելու են այսօրվա դիրքորոշումից հետո”,-նշեց քաղաքագետը եւ հավելեց. ”Քաղաքական փորձը ցույց է տվել դեպքեր, երբ այս կամ այն կուսակցությունը, ֆորմալ չմտնելով կոալիցիայի մեջ` օժանդակում էր գոյություն ունեցող կառավարությանը, բայց մյուս կողմից մենք չենք կարող ասել, թե որն է լինելու ԲՀԿ դիրքորոշումը: Դա արդեն, այսպես ասած, ամառային արձակուրդի ժամանակ տվյալ կուսակցության ներսում քննարկվելիք խնդիրը կարող է հանդիսանալ”:
Henaran.am-ի հարցին, թե ԲՀԿ-ի այսօր հայտարարությունը արդյո՞ք կարող է կապված լինել 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, քաղաքագետը պատասխանեց. “Դա եւս հնարավոր վարկածներից մեկն է: Արդյո՞ք սա նշանկում է, որ ԲՀԿ-ն հանդես է գալու որպես առանձին գործընկեր, որն առաջադրելու է իր սեփական թեկնածուին, թե հարցը կայանալու է նրանում, որ աշնանային ակտիվ քաղաքական սեզոնի մեկնարկից հետո լինելու է նոր բանակցային գործընթաց”:
Վերջին հարցը, Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ, քաղաքական ասպարեզ է գալու ամառային “պաուզայից” հետո: “Առայժմ մենք կանգ ենք առնում այնտեղ, որ ԲՀԿ-ն հայտարարել է կոալիցիա չկազմելու մասին, իսկ շարունակությունը արդեն լինելու է աշնան ամիսներին”,-Henaran.am-ի հետ զրույցում եզրափակեց քաղաքագետը: