Հին ընկերների համար մանդատը կարեւոր չէ՞
Հին ընկերները դեռ չեն որոշել, թե մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց բաժին հասած 5 պատգամավորական մանդատներն, ի վերջո ինչպես են բաշխելու: Կորոշեն, տեղյակ կպահեն: Henaran.am-ին ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը հավաստիացրեց: Հետաքրքրվեցինք, թե ինչի՞ շուրջ է այսքան երկար մտածում Դաշնակցությունը:
“Ոչ մի բանի շուրջ էլ չի մտածում: Ի՞նչ մտածելու բան կա: Իմ ունեցած ամենահավաստի տվյալներով որեւէ կուսակցության համամասնական ցուցակը այս պահի դրությամբ վերջնականապես պատրաստ չէ, այնպես, որ մենք չէ, որ չենք ճշտել”,- ասաց Սպարտակ Սեյրանյանը եւ հավելեց.”Ժամանակ ունենք կորոշենք, մի շատ կարեւոր հարց չի էլի”:
Հիշեցնենք, որ գործող խորհրդարանում “Դաշնակցություն”-ը 16 մանդատ ունի, իսկ նորընտիր խորհրդարանում ստացավ ընդամենը 5 մանդատ:
Նկատենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված գործիչներն էլ /Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան/ տեղյակ չեն իրենց քաղաքական ճակատագրից եւ սպասում են կուսակցության ղեկավար մարմնի որոշմանը:
ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը, որի անունը մամուլն ինքնաբացարկի հետ է հոլովում, մեզ հետ հեռախոսազրույցում կտրուկ հայտարարեց, թե` “ԳՄ-ի անդամ չեմ եւ տեղյակ չեմ”: