ԿԸՀ-ն մանդատները կհանձնի մայիսի 30-ին. Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համամասնական ու մեծամասնական ընտրակարգերով խորհրդարան անցած պատգամավորության թեկնածուներին պատգամավորական մանդատները կհանձնի ոչ թե մայիսի 29-ին, այլ ` մայիսի 30-ին:
Այս մասին այսօր Henaran.am-ին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մանդատների հանձնման հստակ ժամի մասին ԿԸՀ-ն լրացուցիչ կտեղեկացնի: Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԿԸՀ-ում: Իսկ մինչ մանդատների հանձնումը, մայիսի 29-ին, ԿԸՀ-ն եւս մեկ նիստ կգումարի, որի ընթացքում կկազմվի համապատասխան արձանագրությունը:
ԸՕ 125-րդ հովածի 7-րդ կետը սահմանում է. ”Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների միջև մանդատների բաշխումն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով յուրաքանչյուր ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին”:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մինչեւ մայիսի 25-ը, ժամը 18.00-ը համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները ներկայացնելու ժամկետ էր սահմանել:
Տիգրան Մուկուչյանն այս կապակցությամբ նշեց, որ տեսականորեն, քանի դեռ մանդատը չի հանձնվել, ինքնաբացարկի մասին դիմումներ կարող են ներկայացվել: Քանի որ օրենքը չի կարգավորում այս հարցը, տվյալ ժամկետը սահմանվել է` հաշվի առնելով մանդատների տպագրության եւ այլ աշխատանքների համար անհրաժեշտ ժամանակը:
Նշենք, որ մինչ այս պահը ՀՀԿ-ից 67, ԲՀԿ-ից` 28, ՀԱԿ-ից եւ ՀՅԴ-ից 2-ական, ՕԵԿ-ից` 3 եւ “Ժառանգությունից” 1 ինքնաբացարկի մասին դիմում է ստացվել: