Քաղաքացիական պայքար` հանուն Փակ շուկայի /վիդեո/
Այսօր Փակ շուկայի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են շուկան քանդելուն: Հիշեցնենք, որ երեկ սոցկայքերում ահազանգ էր ստացվել այն մասին, որ մայիսի 27-ի գիշերը քանդում են Երեւանի Փակ շուկան: ֆեյսբուքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի անդամները քաղաքացիներին հրավիրեցին Փակ շուկայի տարածք`արտահայտելու իրենց բողոքը շուկան քանդելու կապակցությամբ: Նախաձեռնող խմբում են ‘’Ժառանգության’’ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ‘’ժառանգական’’ Իզաբելլա Աբգարյանը, Մաշտոցի պուրակի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներ, ճարտարապետներ, մտավորականներ, ակտիվիստներ:
‘’Իմ մտահոգությունը ոչ թե շենքի հետ է կապված, այլ` ընդհանուր քաղաքաշինական քաղաքականության հետ: Քաղաքացիները քաղաքաշինական առումով ոչ մի տաբու չունեն: Պայքարի ուղղությունն էլ սխալ է, պատկերավոր ասած, պետք է վիշապի գլխի դեմ պայքարել, իսկ մենք ասես վիշապի մարմնի տարբեր մասերի դեմ ենք պայքարում’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյյանը` հավելելով, որ ինքը որեւէ հույս չունի, որ քաղաքացիների պայքարը կարող է ինչ-որ բան փոխել:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ պատրաստվում են ոստիկանություն հաղորդագրություն տալ հանցագործության մասին: Իսկ հետագայում կքննարկեն առաջիկա անելիքների` մասնավորապես քաղաքացիական ժողովներ կազմակերպելու հարցը:
‘’Անգամ սեփականություն հանդիսացող տարածքում կառուցապատումն իրականացվում է քաղաքապետարանի եւ պատկան մարմինների հաստատված նախագծի համաձայն: Այս դեպքում խոսքը վերաբերում է ճարտարապետական հուշարձանների ցանկում ներառված այս կոթողին` Փակ շուկային, եւ այս ամենը չի կարող իրականացվել կամայականորեն, սեփականատիրոջ քմահաճույքներով’’,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: Մանրամասները` տեսանյութում
http://youtu.be/UP2cAWoWHNc