‘Ոսկե ծիրանի’ բարեկամները` Կաննի փառատոնի մրցութային ծրագրում
Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են ‘Ոսկե Ծիրան’ կինոփառատոնի հյուրը, ոմանք անգամ մեկից ավելի անգամներ:
Նախ պետք է նշենք մեր վաղեմի բարեկամ, իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005թ. ‘Ոսկե ծիրանում’ շնորհվեց ‘Փարաջանովյան թալեր’ մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետեւ` 2007թ., Քիարոսթամին Երեւան ժամանեց վարպետության դասեր անցկացնելու ‘Ոսկե ծիրան’-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների հետ, ինչի արդյունքում ստեղծվեցին մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր հայ, վրացի եւ թուրք ուսանողների կողմից: 2011թ. Քիարոսթամին կրկին ‘Ոսկե ծիրանի’պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա ‘Սիրահարի պես’ ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:
Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի ‘Խենթ երեխան’` (Enfant Terrible) Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է իր նոր ‘Աստվածային շարժիչներ’ ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ` ինչպես միշտ` խելագարի ցնորք: 2007թ. ‘Ոսկե Ծիրան’-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
‘Ոսկե Ծիրան’-ի 2007թ. մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է իր ‘Դրախտ. սեր’ ֆիլմով:
Կաննում է նաեւ Սերգեյ Լոզնիցան, ով ‘Ոսկե ծիրան’-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երեւան ժամանեց 2006թ. որպես վավերագրող իր չափազանց հետաքրքիր ‘Շրջապատում’ ֆիլմով: Երկրոդ անգամ` 2010թ., փառատոնում ներկայացրեց իր ‘Իմ երջանկություն’ ֆիլմը եւ արժանացավ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ‘Արծաթե ծիրան’ հատուկ մրցանակի: Լոզնիցայի նոր ‘Մշուշում’ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում եւ համարվում է մրցանակի հավակնորդ:
Henaran.am-ին հաղորդում են ‘Ոսկե ծիրան’ կինոփառատոնի մամլո գրասենյակից