Նորաթուխներն էլ` ՄԻԱԿ-ականները
Այսօր ԿԸՀ-ում մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հարցերին են պատասխանել ՀՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով ընտրված ՄԻԱԿ կուսակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը եւ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանը եւ Նաիրա Կարապետյանը:
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, պատրաստվում է շատ ակտիվ աշխատել ԱԺ-ում, եւ բոլոր այն հարցերը, որոնք կդրվեն ԱԺ-ում քննարկման, նա կհամաձայնեցնի ինչպես իր ընտրատարածքի բնակիչների, այնպես էլ մասնագետների հետ, որպեսզի միասնական կարծիք ձեւավորելուց հետո օրինագծերը ներկայացվեն ԱԺ քննարկման:
‘’Ես իմ ընտրողներին խոստացել եմ իմ ընտրատարածքում մեկ տարի ժամկետով բացել 8 հանրային ընդունարաններ, որը կհեշտացնի իմ եւ ընտրողների միջեւ հետադարձ կապը: Դուք ինձ բնականաբար չեք տեսնի ուրիշի փոխարեն քվեարկելիս, ոչ էլ թույլ կտամ, որ որեւէ պատգամավոր իմ փոխարեն քվեարկի’’,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Թե որ հարցերին առավելապես ուշադրություն կդարձնի, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ առաջնահերթ կլինեն նոր աշխատատեղերի ստեղծման եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:
Լեւոն Մարտիրոսյանը եւս շեշտեց, որ խորհրդարանում հանդես է գալու, որպես ակտիվ գործող պատգամավոր:
Նաիրա Կարապետյանը կարծիք հայտնեց, որ նոր խորհրդարանը առավել որակյալ է լինելու, քանի որ նրանում ներկայացված են նոր, երիտասարդ եւ բավական խոստումնալից պատգամավորներ:
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատանքներին համապատասխանեցված զգեստապահարանին, Նաիրա Կարապետյանը նշեց, որ ինքը նոր չէ քաղաքականության մեջ, հետեւաբար իր զգեստապահարանը համապատասխանեցված է ԱԺ աշխատանքներին: