Նաիրիտցիները մտահոգ են. Աժ-ում արձակուրդ է ու լսումնե՞ր
ԱԺ-ում այսօր նախատեսված է «Նաիրիտի» հնարավոր վերագործարկման մասին հատուկ լսումներ: Այս առիթով ԱԺ-ի մոտ են հավաքվել մոտ 2 տասնյակ նաիրիտցիներ, որոնց հուզում է գործարանի հետագա ճակատագիրը:
«Մենք այստեղ ենք, քանի որ մեզ շատ է հետաքրքրում, թե ովքեր են մասնակցում լսումներին: ԱԺ-ի մեծ մասը արձակուրդում է, իսկ «Նաիրիտի» ղեկավարներից երեկ տեղեկացանք, որ իրենց չեն կանչել լսումներին, գուցե կանչել են, իսկ եթե չեն կանչել, ապա այս լսումները ձեւականություն են»,-լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:
Անդրադառնալով նարիտցիների աշխատավարձային պարտքերի մարմանը ՝ Անուշ Հարությունյանը նշեց, որ ընդամենը 400 աշխատակիցներ են ստացել աշխատավարձերը, ինչը նրա խոսքով՝ բնավ էլ աշխատակիցների զգալի մասը չէ, ինչպես պնդում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նաիրիտցիները կսպասեն հուլիսի 30-ը, որից հետո նաիրիտցիների ներկա եւ նախկին աշխատակիցների պարտքերն ամբողջությամբ չվճարելու դեպքում կսկսեն բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: