Ինչ կա կառավարության որոշումների տողատակում. թիրախում մարզերի համաչափ զարգացումն է
Կառավարության հուլիսի 23-ի նիստում ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացվեց ավելի քան 973 միլիոն դրամ:
Գաղտնիք չէ, որ շատ մարզերի, այդ թվում՝ Տավուշի մարզի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհներ գտնվում են անմխիթար վիճակում: Հատկացված գումարը թույլ կտա որոշակիորեն բարելավել մարդկանց տեղափոխությունը համայնքից համայնք, դյուրինացնել դեպի շուկա մթերքների առաքումը, դեպի տուրիստական գոտիներ զբոսաշրջիկների հոսքը:
Կառավարությունը մարզերի և տարածքների համաչափ զարգացումը հռչակել է իր թիրախային առաջնահերթություններից մեկը, և հետևողականորեն լուծում է տալիս մարզային ծրագրերի իրականացմանը, հատկապես սահմանամերձ համայնքների հետ առնչվող նախաձեռնություններին:
Սահմանամերձ գյուղական 31 համայնքների բնակիչներն արդեն իրենց ընտանեկան բյուջեի վրա զգացել են կոմունալ ծախսերի 50 տոկոսանոց զեղչերի, սովորող ուսանողների ուսման վարձերի հատուցումների ազդեցությունը: Աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատիրական գործունեության աշխուժացման առումով բարենպաստ միջավայր է ձևավորել սահմանամերձ գյուղական համայնքներում բիզնեսը հարկերից ազատելու մասին որոշումը:
Հանրապետության մարզերում հրատապ հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը ընդամենը մեկ ամիս առաջ որոշեց մարզպետարաններին հատկացնել 4,4 միլիարդ դրամ, որով կլուծվեն մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող խնդիրները դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:
Պետության սուղ հնարավորությունների պայմաններում նման միջոցների հատկացումները ինքնանպատակ չեն: Կառավարությունում լավ են հասկանում, որ տարիներով կուտակված պրոբլեմները պետք է լուծում ստանան: Սակայն, պարզ ու հասկանալի է նաև, որ միայն կենտրոնից կատարվող հատկացումներն ու վերևից եկող նախաձեռնությունները բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար: Անհրաժեշտ է, որ մարզերում ու համայնքներում ևս գնահատեն և մեջտեղ բերեն սեփական պոտենցիալը: Այս առումով ուշագրավ է կառավարության վերջին նիստում ընդունված որոշումներից մեկը. հաստատվել է մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությունը: Դա հնարավորություն կտա բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը: Արդյունքում կենտրոնից հատկացվող միջոցները կդառնան ավելի նպատակային և հասցեական, իսկ տարածքների սոցիալ-տնտեսական մակարդակների տարբերության մեղմացումը կիրականացվի, առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման սեփական ներուժը: