04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշանը պետք է վերացվի. Սերժ Սարգսյանի կոչը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ եվրոպական սահմանային խախտումների հարցում Հայաստանի և Ադրբեջանին ուղղված հայտարարություններում եվրոպական կառույցները պետք է դադարեցնեն հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

 Հովհաննես Քոսյան՝ «Ինտերֆաքս» գործակալություն – Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ փաստ է, որ Ադրբեջանում անցկացված եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում և հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Սակայն, խաղերից անմիջապես հետո, ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսման: Ավելին, խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները` մեղադրելով, թե Եվրոպական կառույցներին և թե առանձին երկրների` օրինակ Գերմանիային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի և նմանատիպ այլ բաներում: Կխնդրեի Ձեր մեկնաբանություններն այս առնչությամբ:
Սերժ Սարգսյան – Ձեր հարցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասի վերաբերյալ՝ ես անկեղծորեն եմ ասում՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության և կայունության խաբկանք: Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետև սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, և ու՞մ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը: Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից: Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն` ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում, և ո՞վ է պաշտպանում: Երբ այդ հավասարության նշանը կա, և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են: Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ Ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի Նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման:

Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով Նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ Նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային և Հայաստանի մեղադրում է իսալամաֆոբության մեջ:

Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, և ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում ՝ եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին և ասենք՝ ժողովուրդ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:

Շնորհակալ եմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ