Պոլսահայ լրագրողը հակկընդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետի դեմ
Պոլսահայ լրագրող, գրող Հայկո Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքպետ Մելիհ Գյոքչեքի դեմ, ով ավելի վաղ դատ էր բացել Բաղդադի դեմ, գրում է Ermenihaber.am-ը:
Դատական այս թնջուկի նախապատմությունն այսպիսինն է`
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2015 թվականի մարտի 17-ին Twitter-ում Գերմանիայի Բունեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ուղղված հետևյալ գրառումն էր արել. «գերմանական կանաչների կուսակցության պատգամավորին հետաքրքրությունից դրդված հարցնում եմ` խնդրում եմ պատասխանիր Ջեմ Օզդեմիր, դու հայկական արմատներ ունե՞ս»:
Գյոքչեքը իր գրառումն արել էր այն բանից հետո, երբ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ծավալուն ելույթ էր ունեցել:
Հայկո Բաղդադն էլ թվիթերում Գյոքչեքի գրառմանն ի պատասխան հետևյալ հեգնական գրառումներն էր արել. «Պատասխանիր Ջեմ Օզդեմիր», «Եղբայր քեզ համար հայը վիրավորա՞նք է», «Մելիհ Գյոքչեքը հայ է», «Քեզ պաշտոնապես հայ անվանեցի, ինձ թվում է կարող ես դատի տալ ինձ մելիքգյոքչեք», «Մայրաքաղաքը պաշտոնապես հայի են վստահել, ինչ սարսափելի է…», «Եղբայր կիրակի օրը սպասե՞մ եկեղեցում, մելիքգյոքչեք», «Բոլորս սգի մեջ ենք, Մելիք Գյոքչեքը հայ է»:
Գյոքչեքը Հայկո Բաղդադի այդ գրառումները հիմք ընդունելով դատի էր տվել վերջինիս` պահանջելով 10 հազար թուրքական լիրա բարոյական վնասի փոխհատուցում: Գյոքչեքն իր հայցը հիմնավորել էր հետևյալ խոսքերով` «Դատական գործի պատճառ հանդիսացող խոսքերն ամբողջությամբ վիրավորանք ու զրպարտություն են և անձնական իրավունքներիս ոտնահարում են հանդիսանում»:
Ըստ թուրքական «haber.sol» լրատվական կայքի` Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Գյոքչեքի դեմ` հայցի համար որպես հիմք ներկայացնելով վերջինիս` հայերի հանդեպ ավելի վաղ ժամանակներում արած վիրավորական գրառումներն ու արտահայտությունները: Բաղդադն իր հայցում ներառել է նաև Գյոքչեքի սեփական հայցը հիմնավորելու համար ասած խոսքերը, որտեղ վերջինս հայ բառը որպես վիրավորանք է ներկայացնում:
Ավելացնենք, որ Անկարայի էքսցենտրիկ քաղաքապետը վաղուց է աչքի ընկնում իր հայատյաց կեցվածքով: Վերջինս մեկ անգամ չէ, որ հայերին վիրավորող արտահայտություններ է օգտագործել նույնիսկ հեռուստահաղորդումների ժամանակ: Բազմաթիվ անգամներ Քուրդիստանի բանվորական կուսակցությունն (PKK-ՔԲԿ) անվանել է հայկական ահաբեկչական կազմակերպություն, հայերին մեղադրել Թուրքիայում ահաբեկչություններ ու դավադրություններ կազմակերպելու, երկիրը մասնատելու և այլ ծրագրեր ունենալու մեջ:
Աղբյուր` Ermenihaber.am