Հայկական կողմ որեւէ ադրբեջանական զինծառայող չի անցել. Հայաստանի ՊՆ
Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:
Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները:
ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել:
Facebook-ի իր էջում գրառում է արել Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե ԱՀ Ղազախի շրջանում երկու ժամկետայիններ՝ կրտսեր սերժանտ Մուսա Սաբիրօղլու Մուսաեւն ու Թուրալ Սահիբօղլու Յոլչուեը անցել են Հայաստանի տարածք: Կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի զինծառայողները պայթել են իրենց դիրքերի մոտ` ականի վրա: