08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեռնապատ համայնքը նորակառույց ամբուլատորիա ունի

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի  բնակիչների բժշկական օգնությունն այսուհետ կկազմակերպվի նորակառույց ամբուլատորիայում:  Արդիականացված և հիմնանորոգված ամբուլատորիայի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան,  ոլորտի այլ պատասխանատուներ:

 

«Նոր ամբուլատորիան ամբողջովին նոր  շինություն  է`  հագեցած  նորագույն սարքավորումներով: Այսօր մենք  նաև որոշ քանակությամբ  հումանիտար դեղորայքով ենք ապահովել, ինչպես նաև տեղում ծանոթացել ՀՀ կառավարության կողմից  երաշխավորված և հաջողությամբ իրականացվող ծրագրերին»,-  լրագրողների  հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ամբուլատորիան կառուցվել է 2013-2014թթ. խնայողությունների հաշվին:

Նրա տեղեկացմամբ`  2014 թվականին տնտեսված միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կառուցվելու է ևս 5 համայնքային ամբուլատորիա, որոնց թվում է  նաև Լոռու մարզի Ուռուտ գյուղի ամբուլատորիան:

Բուժանձնակազմի հետ զրույցում Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց  Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմամբ, պատվաստումների ծածկույթի ապահովմամբ և անվճար հատկացվող դեղերի ապահովվածությամբ:

 

Նախարարն անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին` մասնավորապես  սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև  «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում  2015 թվականի սկզբից  իրականցվող սկրինինգային ծրագրերին:

 Արմեն Մուրադյանը կարևորեց դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում:

Առողջապահության նախարարը զրուցեց Լեռնապատի բնակիչների հետ`  վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը   քայլեր է ձեռնարկում  բնակչության առողջությունը պահպանելու ուղղությամբ:

Նախարարության կողմից ամբուլատորիային փոխանցվեցին մարդասիրականօգնությամբ ստացված դեղեր և  բժշկական պարագաներ:

Նշենք, որ Լեռնապատի առողջության կենտրոնը սպասարկում էԼեռնապատ համայնքի շուրջ 2000 ազգաբնակչության: Համայնքն ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ  ֆինանասավորման  թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրում: 2006թ. Լեռնապատի ԱԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Ծրագրի շրջանակում ԱԿ-ի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

    Լեռնապատ համայնքում բուժօգնության ծառայություններ մատուցվում էին 1988թ.  երկրաշարժից հետո, անմիջապես հողի վրա տեղադրված իտալական վագոն-տնակում, որը զբաղեցնում էր շուրջ 210 մ2 տարածք: Տնակի մի մասը չէր օգտագործվում, քայքայված հատակի և տանիքի կաթոցների պատճառով:

 Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:

Նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականի ապրիլին: 2015թ. ընթացքում ամբուլատորիան համալրվել է նաև կահույքով: Ընդհանուր առմամբ, Լեռնապատ համայնքում ներդրվել է շուրջ 51 մլն դրամ:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ