Հայաստանում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը
Նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը:
ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները անցկացրել են մի շարք բրիֆինգներ` նվիրված սերժանտական կազմի դերին եւ պարտականություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ծովային հետեւակի սերժանտական կազմի կազմակերպման, գնահատման եւ կառավարման համակարգի վերաբերյալ:
ԱՄՆ պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետները ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետներին են ներկայացրել նաեւ “Հիմնական զինվորական փոխհատուցումների համակարգը ԱՄՆ-ում, բյուջետային նկատառումներ, պաշտպանական պլանավորման ուղեցույց” խորագրով բրիֆինգը: Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Ենթասպաների դպրոց, որտեղ ներկայացրել են “ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջխաղացումը եւ կրթությունը` կոչումների տարբեր մակարդակներում” խորագրով բրիֆինգը:
Այցի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսված է փորձագիտական խմբի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
Փորձագիտական խմբի կայցը կավարտվի դեկտեմբերի 1-ին: