Փոխնախարարը հավաստեց, որ բենզինը չի թանկանա
Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ դրանց գների վրա: Այս մասին Ազգային ժողովում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է բարձրացնել վառելիքի տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք 2014թ. վերջից և այս տարվա սկզբից ունեցել ենք վառելիքի գների որոշակի անկում՝ շուրջ 15-20 տոկոսով, դրույքաչափերի բարձրացումը չի կարող գների վրա էական ազդեցություն ունենալ»,- նշեց Միրումյանը:
Անդրադառնալով վառելիքի դրույքաչափերը բարձրացնելու անհրաժեշտությանը՝ Միրումյանն ընդգծեց, որ 2006թ. դրանք հաստատագրվել են և մինչ այս պահը չեն վերանայվել: Միրումյանի խոսքով՝ 410 տարվա ընթացքում վառելիքի գների էական բարձրացում է տեղի ունեցել, ուստի այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է դրույքաչափերը վերանայելու եղանակով հետ բերել այն կորուստները, որոնք եղել են այդ 10 տարիների ընթացքում վառելիքի գների բարձրացման հետևանքով: