Ինչ է նշանակում փառք տալ Աստծուն
«ՏԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱ ՀԵՏ ԼԻՆԵՆՔ, ՈՉ ՄԵԿԻՑ ՈՒ ՈՉՆՉԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ»
Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և մենք ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից
Հետաքրքիր հարց է: Օրինակի համար, լսում եք, որ Ձեր ծանոթներից մեկը հիվանդ է և հիվանդանոցում է: Անմիջապես թողնում եք ամեն ինչ ու գնում նրա մոտ: Ձեզ տեսնելով հիվանդի տրամադրությունը փոխվում է, ուրախանում է, ժամանակավորապես մոռանում է իր ցավերը ու ջերմորեն զրուցում է Ձեզ հետ: Բավական ժամանակ մնալուց հետո, նրան առողջություն մաղթելով հրաժեշտ եք տալիս մի բարի գործ կատարողի տրամադրությամբ:
Ի՞նչ եք կարծում, սա Աստծուն փառք տալ չի՞ նշանակում, չէ՞ որ Դուք այս պահին Ձեր այցելությամբ մի բարի և հրաշալի գործ կատարեցիք, հիվանդի տրամադրությունը բարձրացրիք, նրա մեջ հույս արթնացնելով կյանքի նկատմամբ; Եվ այսպես տարբեր առիթներով. այցելություն ծնողներին, հարգանք նրանց նկաատմամբ, սեր մարդկանց հանդեպ, համերաշխությունը ընտանիքի անդամների և ինչո՞ւ չէ աշխատանքի վայրում: Բարություն, արդարություն, մաքրություն, համերաշխություն, խաղաղություն, սեր, սրանք բոլորն էլ Աստծու հատկանիշներն են, որոնք Նա ներարկեց իր նմանի՝ մարդու մեջ: Եվ այս բոլորը կատարելով, դուք փառք եք տալիս ձեզ Ստեղծողին՝ Աստծուն և ոչ միայն փառք եք տալիս, այլև գոհանում եք Ձեր ունեցածով; Փառք տալ նշանակում է գոհ լինել:
Փառք տվեք և շնորհակալ եղեք, որ ապրում եք: Իրականությունը դժբախտաբար այլ է. այսօր ավելի շատ բողոքողներ ու գանգատվողներ կան Աստծուց, քան՝ շնորհակալ եղողներ:
Մարդիկ անընդհատ բողոքում են, նեղվում, բարկանում, մտահոգվում և աղոթքի կյանքով էլ չեն ապրում: Երբ հարցնում ես. «Ինչպե՞ս ես»,- պատասխանը ժխտական է այսպես. «Մի օր լավ կլինեմ», իսկ թե ո՞ր օրն է գալու այդ լավ օրը, անշուշտ ոչ ինքը գիտի և ոչ էլ որևէ մեկը: Իսկ ճիշտ չի՞ լինի, եթե նա պատասխանի՝ «Փառք Աստծու, շնորհակալ եմ իմ այսօրվա վիճակիս համար էլ, սրանից լավը չի կարող լինել»: Այսպիսի մոտեցումը կոչվում է լավատեսություն, որը քեզ ուժ, հույս և լույս կտա քո խավարած ճանապարհին:
Սիրելի հայորդիներ, եկեք ամեն օր փառք տանք Աստծուն ու գոհանանք մեր վիճակով: Տերը մեզ հետ է և եթե մենք էլ Նրա հետ լինենք, ոչ մեկից ու ոչնչից վախենալու բան չունենք: