18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գյումրին պետք է ստանձնի նաև մայրաքաղաքային գործառույթներ

Բազմաթիվ անգամներ մենք բարձրաձայնել ենք այն մասին, որ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման լավագույն միջոցը հարկային արտոնությունների սահմանումն է և ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը: Մեր հարևան Վրաստանը, արդյունավետ կերպով կիրառելով այս մեթոդը, դարձավ գործարարության համար առավել գրավիչ՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով Աջարիան: Մինչդեռ մեզանում ՀՀ Ֆինանսների նախարարությունը դեմ է Շիրակի մարզում հարկային արտոնությունների կիրառմանը: Դրա ապացույցն էր նաև  ԱԺ-ում օրերս Օրինաց երկիր կուսակցության շիրակցի պատգամավորներ Հ. Մարգարյանի և Հ.Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության տապալումը: Իր անհիմն պատճառաբանությամբ ֆինանսների նախարարությունը մինչ այդ ի չիք դարձրեց նաև Շիրակ Հայրենակցական միության կողմից կառավարությանն ուղղված «Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման» ծրագրում ի թիվս այլ առաջարկությունների բարձրացված նույն խնդիրները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի պատասխանում արտահայտված էր նույն հիմնավորում չունեցով պատճառաբանությունը, թե ՀՀ-ի մյուս մարզերը ևս կպահանջեն նույնը: Այնուհանդերձ պետք է նշենք, որ 1988-ի երկրաշարժից հետո Շիրակի մարզում ստեղծված վիճակը, շարունակվող տնտեսական ու սոցիալական ձևախեղումները, աղքատության ու գործազրկության բարձր ցուցանիշները պահանջում են առանձնակի մոտեցումներ և լուծումներ, ինչը ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2015 թվականի ծրագրում՝ նման տարածաշրջանին շնորհել Հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ:

Հարգելի ԱԺ պատգամավորներ և նախարարներ, որքան էլ ջանաք արհեստականորեն խուսափել աղետի գոտի արտահայտությունից, այն հռչակելով զարգացման գոտի… դրանից տխուր իրավիճակը չի փոխվի… Վերջերս քաղաքաշինության նախարարի արած հայտարարությունը, որ Գյումրին պետք է դառնա երկրորդ մայրաքաղաք՝ խուսափելու համար բևեռայնացումից, չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ ֆինանսների նախարարությունը չի ցուցաբերում կառուցողական մոտեցում: Ցանկացած տնտեսական առաջընթաց, սոցիալական խնդիրների համակարգված լուծում պահանջում է հարկային ճկուն քաղաքականություն և արտոնություններ, որոնք բխում են երկրի շահերից:

Հուսով ենք Գյումրու զարգացման ծրագրերի մշակման ներկա փուլում ՀՀ քաղաքաշինության նախարարության որդեգրած քաղաքականությունը շուտով ընկալելի կդառնա նաև նրանց համար, ովքեր մոռացել են Ալեքսանդրապոլ- Լենինական- Գյումրի քաղաքի նշանակալի դերը Հայ ժողովրդի պատմության մեջ: Այո, Գյումրին պետք է ստանձնի նաև մայրաքաղաքային գործառույթներ:

Շիրակ Հայրենակցական միավորում ՀԿ-ի
 լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ