Որոշ պարզաբանումներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի
հանձնախումբն իր խորին մտահոգությունն է հայտնում Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթի ս.թ. հունիսի 8-ի թիվ 926 համարի խմբագրականում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ և ցանկանում է որոշ պարզաբանումներ տրամադրել այս կապակցությամբ:
Առաջնահերթ հարկ ենք համարում ճշտել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախումբը հիմնվել և գործում է ոչ թե ՀՀ Սփյուռքի նախարարության, այլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո` ի թիվս աշխարհի տարբեր քաղաքներում գործող տարածաշրջանային բազմաթիվ հանձնախմբերի:
Իր բնույթով պետական այս հանձնաժողովը բացառիկ է, քանի որ ներգրավում է հայության բոլոր շերտերը ներկայացնող հիմնական կառույցների ներկայացուցիչներին, ուստիև` համախմբող և միավորիչ առաքելություն ունի:
Հունաստանի հանձնախումբը ևս գործում է այս ոգուն և առաքելությանը համապատասխան, ինչի վկայությունն են դեռևս տարեսկզբից մեծ հաջողությամբ անցկացված և նախապատրաստման փուլում գտնվող բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումները:
Հրապարակման մեջ հիշատակված Նունե Եսայանի համերգն Աթենքում ամենևին խրախճանք չէ,
այլ իրականացվում է երգչուհու` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային շրջագայության շրջանակում, որում ընդգրկված են աշխարհի հայաշատ բազմաթիվ այլ քաղաքներ ևս, այդ թվում` Մյունխեն, Մարսել, Վիեննա, Նիկոսիա և այլն: Շրջագայության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել:
Աթենքյան համերգը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախմբի գիտությամբ:Հարկ ենք համարում շեշտել, որ հայության համար խիստ խորհրդանշական այս տարելիցի առիթը սեփական նպատակներին ծառայեցնելու ցանկացած փորձ միմիայն վնասում է մեր ժողովրդի հավաքական շահերին և սթափության կոչ ենք հղում:
12 հունիսի 2015 թ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի
հանձնախումբ