Արգամի ծախսերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:
ԿԸՀ նախօրեին կայացած նիստում քննարկվել է ծառայության կողմից կազմված հիշյալ համայնքների ղեկավարների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ այդմ՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Արգամ Աբրահամյանի նախընտրական հիմնադրամում մայիսի 26-ի դրությամբ մուտքագրված է եղել 1 մլն 620 հազար դրամ, որից ծախսվել է 487 հազար 320-ը, մնացորդը՝ 1 մլն 132 հազար 680 դրամ:
Հիշեցնենք, Արգամ Աբրահամյանը քաղաքապետի միակ թեկնածուն է:
Ալավերդիում քաղաքապետի պաշտոնին հավակնող Արթուր Աբգարյանի նախընտրական հիմնադրամի մուտքերը մայիսի 26-ի դրությամբ կազմել են 5 հազար դրամ, որից որևէ լումա չի ծախսվել: ՀՀԿ-ի թեկնածուի՝ անկուսակցական Կարեն Փարեմուզյանի, նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 830 հազար դրամ, որից ծախսվել է 794 հազար 700-ը: Մնացորդը 35 հազար 300 դրամ է: