Ինչու է ներել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկան ժամանակ նշեց, որ 2014 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Հարավային Կորեա՝ ինչ-որ բուժում ստանալու: Նա հարցրեց, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել այդ այցի ժամանակ, քանի պաշտոնյա է մասնակցել այդ ուղևորությանը, քանի ներում է շնորհվել նախորդ տարի դատապարտյալներին, և ինչու է ներում շնորհվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ անհատակա ներումների շնորհման դրդապատճառը երբևէ չի բացատրվում, «դա անձին վերաբերող խնդիր է, նախագահի բացառիկ լիազորություններից է: Հետևաբար այդ գործառույթն իրականացնելիս չկա լրացուցիչ պարզաբանման կամ պատճառների բացատահայտման կամ որոշումների հիմնավորման անհրաժեշտություն» ,-նշեց նա:
Նկատենք, որ մամուլը գրել էր, որ նախագահը ներում է շնորհել մարզպետի բարեկամներին:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ գործում է խորհրդատվական մի խումբ, որը յուրաքանչյուր դիմում քննում է, յուրաքանչյուր ներման խնդրանք զեկուցվում է նախագահին այդ խմբի նիստի արդյունքներով: Ներման թվի վերաբերյալ նա նշեց, որ այս պահին տվյալները չկան, լրացուցիչ կնայի ու կպատասխանի:
Ինչ վերաբերում է նախագահի արձակուրդի անցկացմանը, ապա աշխատակազմի ղեկավարն ասաց, որ այդ, ինչպես նաև մասնավոր այցերի ժամանակ նախագահը կարող է օգտվել իրեն հատկացված տրանսպորտային միջոցներից:
«Արձակուրդ անցկացնելիս հանրապետության նախագահին երբեք բացի անվտանգության աշխատակիցներից որևէ աշխատակից չի ուղեկցում, և նման պրատկիկա գոյություն չունի»:
Մասնավորապես Հարավային Կորեա այցի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ պետական բյուջեից գումարներ չեն հատկացվել, միակ ծախսը, որ կարող էր լինել, օդանավի համար հատկացվող գումարն է, որը համարվում է տրանսպորտային միջոց, սակայն նա չհիշեց, թե այս դեպքում եղել է նման ծախս, թե ոչ:
Փոստանջյանը կրկին խնդրեց անդրադառնալ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին: Վիգեն Սարգսյանն էլ կրկնեց, որ ներումը նախագահի բացառիկ լիազորությունն է: Ամեն դեպքում նկատեց, որ սովորաբար ներման դեպքում հաշվի է առնվում անչափահաս երեխաների առկայությունը, հանցագործության տեսակը, նախկինում դատապարտված լինելը և այլն: