Թա՞նկ հաճույք է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացմանը նշեց, որ որքանով ինքն է նկատում, գիշերային ժամերին բնակարաններից գողության դեպքերի թվի աճ կա: Նա հետաքրքրվեց, թե արդյոք թանկ հաճույք է գիշերային հերթափոխությունը:
<<Թանկի և էժանի խնդիր չկա, շահագրոծվող տրանսպորտային միջոցների, վառելիքի խմբաքանակի ապահովման հարցն է>>,-ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա հավելեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ բնակարանային գողությունների թիվը կտրուկ նվազել է:
<<Մենք փորձում ենք այն վայրերում, որտեղ հնարավոր չէ տրանսպոտյին միջոցներ օգտագործել, համապատասխան պարեկային ծառայություններ ենք օգտագործում>>,-նկատեց նա:
Ստեփան Մարգարյանն ասաց, որ բնակվում է Մալաթիա- Սեբաստիա թաղամասում և հենց այստեղ է նկատել վերջին օրերին մի քանի գողության դեպք գիշերային ժամերին, իսկ երբ ոստիկանները մեքենաներով գիշերները հսկում էին, դեպքեր չկային:
Վարդան Եղիազարյանն ասաց, որ ՀՀ-ում այսօրվա վիճակով 239-ով նվազել են բնակարանային գողությունները, Երևանում՝ 214-ով, հիմնական նվազումը եղել է հենց Երևանում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ճանապարհներին, ապա Եղիազարյանն ասաց, որ իրենց կողմից միայն Երևանում է իրականացվում ճանապարհային նշանների տեղադրումը, մարզերում տեղական ինքնակառավարման խնդիրն է: Նա նկատեց, որԵրևանում բավական լուրջ փոփոխություններ են կատարվել, լուսափորները, մայթագծերը թարմացվում են, ինչը բավական լուրջ ծախսեր է պահանջում՝ ելնելով բնակլիմայական պայմաններից :