15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրաժարական. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է.

«Երեկ, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ազգային ժողովում պատասխանում էր պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանը իր հարցի ժամանակ նրան մի քանի բան հիշեցրեց: «2013թ.-ի հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում գլխավոր դատախազի ձեր թեկնածության քննարկման ժամանակ ես բարձրաձայնեցի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են, որ դուք, լինելով զինվորական դատախազ եւ վերահսկելով 2013թ.-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Այն ժամանակ ձեր եզրափակիչ ելույթում դուք այդ փաստերին որեւէ կերպ չանդրադարձաք, միայն ասացիք, որ այդ կապակցությամբ պատրաստ եք հրապարակային քննարկման: Ես ընդունեցի հրապարակային քննարկման ձեր հրավերը՝ առաջարկելով այն անցկացնել ուղիղ եթերում: Հետո դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե հրապարակային քննարկում ասելով՝ նկատի ունեք ոչ թե հրապարակային քննարկում, այլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չգիտեմ որերորդ պարբերության որ կետը, ըստ որի՝ հրապարակային քննարկում է նաեւ այն քննարկումը, որին մասնակցում են 3 հոգի՝ մի ինչ-որ կաբինետում փակված: Ասացիք նաեւ, որ հրապարակային քննարկում լինում է նաեւ հաղորդագրություններով՝ հեռակա»,- ասաց Փաշինյանը եւ հավելեց, որ  մինչեւ օրս իր բերած փաստերը հերքող ոչ մի փաստ Կոստանյանը չի բերել եւ այդ մասին ընդհանրապես որեւէ բան չի ասել: Փաշինյանը հայտարարեց, որ պնդում է 2013թ.-ի հոկտեմբերի 1-ի իր ելույթի բոլոր դրույթները՝ առանց բացառության: «Եթե դուք ունեք իմ ասածները հերքող հակափաստարկեր, այս նույն ամբիոնից հրապարակեք այդ փաստերը: Եթե չունեք, պիտի ուղղակի հրաժարական տաք: Ընդ որում՝ սա ոչ թե 2 տարի առաջվա բանավեճը հանգուցալուծելու քմահաճույք է, այլ ընթացիկ իրավիճակից բխող շեշտադրում: Բանն այն է, որ վերը նշված գործողություններով՝ դուք անձնական պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչ վերջին 2 տարվա ընթացքում տեղի է ունենում Սյունիքում՝ ներառյալ Սդղի գյոլի միջադեպը եւ ներառյալ երեկվա կրակոցները»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով նաեւ, որ դատապարտում է նախօրեին Սյունիքի մարզում հնչած կրակոցները եւ դատապարտում է բռնության ցանկացած դեպք՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ տվյալ գործում չկա մի փաստ, մի հանգամանք, որի մասին անձնական պատասխանատվություն չկրի, ինչին հետեւեց Փաշինյանի արձագանքը. «Ասացիք, այդ գործով ամեն ինչի համար պատասխանատվություն եք կրում, ուրեմն՝ 2013թ.-ի հունիսի 14-ին Արաբկիրի դատարանը որոշում է կայացրել, որ Սուրիկ Խաչատրյանի մի քանի մերձավորների հեռախոսները գաղտնալսեն:

2013-ի հուլիսի 30-ին գործը վարող քննիչ Ղազարյանը գնացել է ԱԱԾ, ասել է՝ տվեք գաղտնալսումները, որպեսզի քրեական գործում համապատասխան ընթացք տանք: ԱԱԾ-ում իրեն պատասխանել են, որ տեխնիկական պատճառներով՝ չեն գաղտնալսել: Արձանագրությունն իմ ձեռքի տակ է: Հիմա ձեր ասած բառակույտ իրավաբանությամբ մի հատ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական գործչի ասեն՝ տեխնիկական պատճառներով չենք գաղտնալսել: Էդ ձեր իրավաբանությունը տենց բառակույտ է ու Կաշպիրովսկու ժեստերով ցուցամատի շարժումնե՞ր: Դուք Ազգային ժողովում եք: Ասում եք՝ դուք գնահատեք, ես գնահատել եմ արդեն ձեր գործունեությունը»:

Դատախազն ասաց, որ դատարանում չի քննարկվել Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու պահը եւ եթե Փաշինյանը ծանոթանա դատական նիստի արձանագրությանը, կտեսնի, որ Սուրիկ Խաչատրյանի գաղտնալսման եւ չգաղտնալսման մասին խոսք չի եղել:

«Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու կամ չգաղտնալսելու մասին ընդհանրապես բան չի եղել, հետեւաբար՝ ձեր այդ մասով տեղեկատվությունը եւս հավաստի չէ»,- նորից կրկնեց գլխավոր դատախազը եւ խնդրեց, որ Փաշինյանը հստակեցնի իր ունեցած տեղեկատվությունը եւ դրանից հետո միայն քննարկման առարկա դարձնի ԱԺ բարձր ամբիոնից: Ենթադրվում է, որ Փաշինյանը այս ամենին կանդրադառնա առաջիկա ելույթի ժամանակ, որը սպասվում է արդեն հաջորդ քառօրյայում»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ