Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանին
_1432214153.jpg)
Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հորդորեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հստակ ասել, որ քրեական գործերի ուսումնասիրման դեպքում իր համար նշանակություն չունի, ինչ պաշտոնյայի է դա վերաբերում: Որպես օրինակ բերվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վերջին դեպքերը ու հասարակական ընկալումները, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում:
«Սուրիկ Խաչատրյանի անձի հետ կապված լուրերին, հրապարակումներին, փաստերին, առիթ ունեցել եմ ասելու: Ինձ համար իրականում բացարձակ որևէ նշանակություն չունի, ինձ համար կարևոր է մի փաստ՝ ապացուցվեց հանցագործությունը, ապացուցվեց անձի մասնակցությունն այդ հանցործությանը, դատի կտամ ցանկացածին, ապացուցվեց, որ անմեղ է, ինչ հասարակական ընկալում, պահանջ լինի, երբեք դատի չեմ տա, բայց եթե ապացուցվեց, ցանկացածին քրեական պատասխանատվութան կենթարկվեմ: Ընդ որում եթե ապացուցվեց այս դեպքում էլ, ես եմ մեղադրանքը պաշտպանելու»,-արձագանքեց Գևորգ Կոստանյանը:
Վերջինս շարունակեց, թե չգիտի՝ էլ ինչ ձևերով ու եղանակներով պետք է հասարակությանը, ցանկացած քաղաքացու ցույց տա, որ ինքը նախ քաղաքացի է: «Ինչպես ցույց տամ, որ հարգելիս, հասկացանք, որ ես Գլխավոր դատախազն եմ, բայց ես էլ եմ մարդ, և ես հասկանում եմ, որ երբ հանցագործություն է կատարվում մեկը մյուսի նկատմամբ, դա կարող է վաղը մյուս օր իմ հարազատի նկատմամբ լինել, և ես չեմ կարող հանդուրժող լինել: Խնդիրն այն է, որ բոլորը համարում են, որ այս անձը մեղավոր է, ու իրեն չեն դատում: Քննչական կոմիտեն քննություն է անում ու արդյունավետ, ապացույցներ ձեռք բերվեց, դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանին, նենց որ հանգիստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»,-հավելեց դատախազը:
Մարտիրոսյանն արձագանքեց, որ սա շատ կարևոր հայտարարություն էր, և գործընկերները ևս սա պետք է ողջունեն, քանի որ թյուրըմբռնում կա, որ այս ինչ անձին դատախազը պաշտպանում է, մյուսին՝ ոչ:
«Ես երբեք ոչ մեկին չեմ պաշտպանում, ես օրենքն եմ պաշտպանում, ինձ համար կարևոր չէ, թե այդ օրենքն ում օգտին է կամ ում է վնաս»,-նշեց Գլխավոր դատախազը: