Արմանը պայքարում է ապրելու համար.մանրամասներ Գյումրի-Սպիտակ ավտովթարից

Վրաերթը ինչ-որ չափով անփութության, ինչ որ չափով ճակատագրական բնորոշում է ստանում հասարակության կողմից: Հաճախ վարորդի մեղավորության աստիճանը այնքան մեծ է լինում, որ հանցանքը դառնում աններելի:
Ապրիլի 24-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել վրաերթից տուժած երիտասարդ: Պարզվել է, որ ժամը 13:20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ճանապարհահատվածի 33, 2 կիլոմետրում “Մերսեդես” մակնիշի 71 AN 777 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ` 1963 թվականին ծնված Էդվարդ Կորյունի Մաթոսյանը վրաերթի է ենթարկել 1991 թվականին ծնված Արման Հրաչի Բաղդասարյանին:
Վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Գյումրի ԲԿ վերակենդանացման բաժանմունք, ապա Էրեբունի ԲԿ վերակենդանացման բաժանմունք, որտեղ 7 օր գտնվել է անգիտակից վիճակում բժշկական խիստ հսկողության ներքո, պայքարելով ապրելու իր իրավունքի համար, ապա տեղափոխվել է նույն ԲԿ-ի ներյովիրաբուժության բաժանմունք՝ գտնվելով Մամիկոն Եղունյանի ընդհանուր վերահկողության ներքո:
Տուժող Արման Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասված սուբարախնոիդալ արյունազեղումներով, ճակատային բլթի վնասվածք բազմաթիվ հեմորագիկ օջախներով, ինչպես նաև թոքերի սալջարդ: Դեպքից ժամեր անց “Մերսեդեսի” վարորդը ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին և կատարվածի վերաբերյալ տվել հաղորդում:
“Մերսեդես” մակնիշի մեքենան տեղափոխվել է համապատասխան տարածք: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գործի շրջանակներում զրուցեցինք տուժող Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Թամարա Յայլոյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ այս պահին գործը գտնվում է նախաքննության փուլում: Ստացվել են Արման Բաղդասարյանի բժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Արման Բաղդասարյանը ճանաչվել է որպես տուժող և վերջինիս հանդեպ կատարված վրաերթը որակվել կյանքի վտանգի սպառնալիքով առողջությանը վնաս հասնցնող: Փաստաբան Յայլոյանը նաև փոխանցեց, որ այս պահին սպասում են ավտոմեքենայի ատվոտեխնիկական փորձաքննության եզրակացությանը: Գործի վարույթն իրականացնում է Ախուրյանի մարզային վարչության քննիչ Արմեն Միքայելյանը:
Վերջինս մեր հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրականացվում է նախաքննություն և նախաքննության շահերից ելնելով չտրամադրեց ավելորդ տեղեկատվություն:
Արման Բաղդասարյանը երիտասարդ է ու նրա ընտանիքը պատրաստվում է պայքարել գործի արդար ընթացքի համար: