Օբամայի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-ը գլխավոր դերակատարությունը ԼՂ հարցում թողել էր ՌԴ-ին
Կարծում եմ, որ Օբամայի նախագահության 2-րդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ավելի շատ պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով: Խոսելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից` հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` լրագրողների հետ հանդիպմանը:
Բանախոսը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, ըստ որի եթե նույն նախագահն է կրկին ընտրվել, ուրեմն առանձնապես սպասելիքներ չկան եւ տարածաշրջանում ոչինչ չի փոխվի, քանի որ կարեւորը կոնկրետ նախագահի ընտրության հանգամանքը չէ, այլ այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մշտական փոփոխություններ է կրում, որոնց վերջնական արդյունքը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ոչ ոք չգիտի:
Բանախոսի կարծիքով` ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդեցություն կունենա նաեւ պետքարտուղարի պաշտոնում նոր գործչի հանդես գալը:
Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Օբամայի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ը գլխավոր դերակատարությունը թողել էր Ռուսաստանին, սակայն քանի որ վերջերս Թուրքիայի դերն աճել է տարածաշրջանում եւ պաշտոնական Անկարան դա կփորձի օգտագործել ԼՂ խնդրի հարցում, ԱՄՆ-ը հավանաբար կակտիվացնի իր քաղաքականությունը: