19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սպիտակ դռանը մեծ սև կողպեք կախեցինք ու հեռացանք

Արևհատ Պետրոսյանի պատմությունը

1905 թ., Կարս

Գուրգեն Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է, որ մայրը ֆայտոն է կանչել, արագ հավաքել է անհրաժեշտ իրերը, իրեն ու փոքր եղբորը՝ Գուրգենին նստեցրել է կառքի վրա ու հեռացել են՝ մի մեծ կողպեք կախելով Կարսի իրենց տան սպիտակ դռնից:

«Մեծ մայրս՝ տատս՝ Արևհատ Մուրադի Պետրոսյանը, պատմում էր, որ 1918 թվականի այդ օրը ցուրտ գարնանային օր էր Կարսում: Մայրը ֆայտոն էր կանչել, իրեն ու փոքր եղբորը՝ Գուրգենին շտապեցնում էր, որ արագ հավաքեն անհրաժեշտ իրերն ու հեռանան…

«Տատս մեր տան ճերմակ դռան վրա կախեց մի մեծ սև կողպեք ու արագ-արագ նստեց ֆայտոնը: Ես մի վեջին հայացք ձգեցի մեր տանը, մեր ճեմակ դռանն ու սև կողպեքին, մեր ժամին (հավանաբար Առաքելոց եկեղեցին), Կարսի բերդին ու կամուրջով անցանք գետի մյուս ափն ու ճանապարհ բռնեցինք դեպի Ալքսանդրապոլ: Ճանապարհը լիքն էր Կարսից և այլ բնակավայրերից հեռացող գաղթականներով: Թուրքն էր գալիս… Երեկոյան հասանք Ալեքսանդրապոլ ու տեղավորվեցինք մորաքրոջս տանը, որտեղ այդ օրերին պատսպարվել էին ևս մի քանի գաղթական ընտանիքներ: Այդ օրերին Ալեքսանդրապոլում էր Անդրանիկը և զորահավաք էր կազմակերպում թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար:

Հաջորդ օրը մայրս եղբորս՝ Գուրգենին, ու մորաքրոջս որդուն տվեց իր մատի մատանին ու իր մոտ եղած ամբողջ դրամը՝ ուտելիք գնելու համար, քանի որ մորաքրոջս տան ամբողջ պարենը սպառվել էր:
Գյումրեցիները իրենց ունեցած-չունեցածը բաժանում էին քաղաքը լցված մազապուրծ գաղթականներին: Օրը մթնում էր, իսկ տղաները չկային ու չկային: Կեսգիշերին մոտ գլխահակ տուն մտավ մորաքրոջս տղան ու ասաց, որ Գուրգենը կամավոր անդամագրվել է Անդրանիկի բանակին:

Մորաքրոջս այն հարցին, թե ինչու թույլ տվիր, որ էտ երեխեն մտնի բանակ, նա պատասխանել է՝ ինչ արեցի-չարեցի՝ վրեն չկարացա: Ասեց. «Մինչև ուր պիտի փախնենք էդ շներից, էրեկ Կարսը, էսօր Ալեքպոլը, բա վաղը… Չե, պիտի գնամ…»: Այդ ժամանակ նա 15-16 տարեկան էր: Այդ օրերին նրանք հանդիպում են նաև իրենց ավագ եղբորը՝ Արշավիր Պետրոսյանին, որը վաղուց էր անդամագրվել Դաշնակցությանը և նրանց շարքերում ակտիվ գործունեություն էր իրականացնում: Իմանալով կատարվածի մասն՝ նա հանդիմանում է մորը, թե այ պուշո, էս երեխեքին ինչի ես բերել էստեղ, բա ես չասեցի գնացեք Էրևան:

Մի քանի օր հետո հոծ բազմություն էր հավաքվել եկեղեցու հրապարակում ու հարակից փողոցներում:Անդրանիկը զորահանդես էր կազմակերպել Ալեքսանդրապոլում: Անդրանիկի, դրոշակակրի ու թիկնազորի հետևից ընթացող հեծելազորի առաջին շարքում տատս ու իր հարազատները հազիվ են նշմարում Գուրգենին, որը, ձեռքով վերջին հրաժեշը տալով հարազատներին, մեկնում է ռազմաճակատ ու հավերժ մնում է հայրենի հողի համար պաշտպան կանգնած նվիրյալների շարքում…

Այդ օրերից հետո տատս իր մոր հետ տեղափոխվում են Երևան, այնուհետև նրանք լուր են ստանում իրենց հորաքրոջից և տեղափոխվում են նրա մոտ՝ Ախտա: Այստեղ էլ նա հանդիպում է պապիս՝ Աղբյուրակի ռես Վարդանի թոռ Դոլուխանին, և ստեղծվում է մի շատ գեղեցիկ ընտանիք՝ համեմված Կարսից բերած իր հայրենի հողի վարք ու բարքով ու Մակվեցի Ռես Ավետիսի գերդստանի ավանդական սովորույթներով»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ