03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետը հանդիպել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև վերջին տարիներին ձևավորված փոխգործակցությունն իսկապես եղել է արդյունավետ: Քաղաքապետն առանձնակի կարևորել է Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը ցուցաբերվող մշտական աջակցությունն ու ասոցիացիայի կողմից ֆինանսավորված ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել Երևանի N 48 և 78 հիմնական դպրոցներում, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանում, Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում, Ղ. Սարյանի անվ. արվեստի, ինչպես նաև  N 119 ավագ դպրոցներում:

«Երևանի քաղաքապետարանը, լինելով Ֆրանկոֆոն ընտանիքի անդամ, մեծ կարևորություն է տալիս ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությանը։ Ամեն տարի Երևանում իսկապես մեծ շուքով է նշվում ֆրանկոֆոնիայի միամսյակը, հատկապես քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատություններում, և ես վստահ եմ, որ ձևավորված համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենաք առաջիկայում նորանոր ոլորտներ ընդգրկել ու զարգացնել՝ ապահովելով արդյունավետ ծրագրերի շարունակականությունը», – ընդգծել է քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված փոխգործակցությունը` նշել է, որ այն արդյունավետ է, հաջողված ու հեռանկարային:

«Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համար, ինչում մենք բազմիցս ենք համոզվել: Երևանում իրականացվող ծրագրերին Ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունն ու հետևողականությունը հնարավորություն են տալիս մեր նախաձեռնությունների հաջող իրականացմանը: Մենք ևս պատրաստակամ ենք, պարոն քաղաքապետ, շարունակելու փոխգործակցությունը և ընդլայնելու գործակցության շրջանակները»,- նշել է Պիեր Բայեն:

Հանդիպման շրջանակում հաստատվել է առաջիկայում Նոր Նորքի կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի անկյուն ստեղծելու ծրագիրը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ