28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Շարունակում են որդիները.կոչումով բժիշկ

Բաբլոյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սաեն Գեղամի Բաբլոյանն է:  Նա ծնվել է 1907 թ. Հայաստանի Արտաշատի շրջանի Ոստան գյուղում: Լինելով կուլակի որդի` նա ստիպված է եղել փոխել ազգանունը, (իսկական ազգանունը Օրդոյան է) և մեկնել Օդեսա, որտեղ ընդունվել և  ավարտել է քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Սարատովում նա մի քանի տարի աշխատել է որպես քիմիկոս-ինժեներ:  1936թ. վերադառնալով Հայաստան`ամուսնացել է Շուշանիկ Մուրադխանյանի հետ: Հաշվի առնելով հանգամանքը, որ կինը` Շուշանիկն, ընդունվում է բժշկական ինստիտուտ, Սաեն Բաբլոյանը ևս որոշում է ընդունվել բժշկական ինստիտուտ և ձեռք բերել ամենամարդասիրական և միևնույն ժամանակ պատասխանատու մասնագիտությունը: Ավարտելով բժշկական ինստիտուտը` Սաեն Բաբլոյանը կնոջ հետ մեկնել է Կրասնոսելսկ` աշխատելով որպես բժիշկ: Ավելի ուշ նա Կրասնոսելսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր: Սաեն Բաբլոյանը կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի թիվ 6 պոլիկլինիկայում: «Մայրս դարձավ վիրաբույժ, իրենից այդ մասնագիտությունը նաև ինձ փոխանցվեց: Իսկ հայրս ռենտգենոլոգ էր: Հիվանդի, այցելուի հանդեպ մայրս անսահման հոգատար էր»,-Բաբլոյանների բժշկական կենսագրությունը վավերագրում է գերդաստանի երկրորդ բժշկական ճյուղը ներկայացնող Արա Սաենի Բաբլոյանը:

Բաբլոյանների բժշկական գիծն այնուհետև շարունակում  է Արա Սաենի Բաբլոյանը: Նա ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երևանում:  1971թ. ավարտել է Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը:

«Մանկաբույժներն իրենց բնորոշ մեծահոգությամբ, բարիությամբ, գթասրտությամբ, ուշադրությամբ մշտապես կարողանում են սփոփել երեխաների առողջության հետ կապված բոլոր խնդիրները: Այս բժշկական համալիր դիմած ծնողներն ու երեխաներն արժանանում են հոգատար և ջերմ վերաբերմունքի: Արա Բաբլոյանը  փաստում է, որ մանկաբույժների աշխատանքը նուրբ և քնքուշ լինելու հետ միաժամանակ ծանր է և դժվար»,-նշում է անվանի մանկաբույժը:

«Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրս, մայրս, եղբայրս, ընդհանուր  մթնոլորտը բժշկական էր: Դպրոցում ֆիզիկամաթեմատիկական առարկաներից շատ լավ էի, ընկերներս մտածում էին, որ ես կգնամ տեխնիկական գիտությունների ուղղությամբ, բայց ես միանշանակ ընտրեցի բժշկությունը»,-անդրադառնալով մասնագիտության ընտրությանը` նշում է Արա Բաբլոյանը:
Նա 1970թ. աշխատել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայում որպես ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ և ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1991թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է մասնագիտացված ուրոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997-2012թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007թ.` գիտական ղեկավար: Արա Բաբլոյանը 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ: 
Օրենսդիրում աշխատանքն Արա Բաբլոյանի գործունեության կարևոր ու էական մասն է: Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավորը 2007 թվականից առ այսօր ղեկավարում է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը: Նա հեղինակ է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք միտված են` ապահովելու Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ու առաջընթացը:

«Երբեք  չեմ թողել բժշկությունը, անգամ երբ նախարար եմ եղել, վիրահատել եմ:  Միաժամանակ աշխատելով որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, ձգտում եմ իրականացնել օրենսդրական  փոփոխություններ, որոնք կապահովեն  մի կողմից մարդկանց առողջությունը, մյուս կողմից՝ բուժաշխատողներին արժանապատվությունը և զարգացումը ապահովելու երաշխքիներ կամրագրեն»,-ընդգծում է Արա Բաբլոյանը, որն իր գործունեության ընթացքում բուժել է  բազմաթիվ երեխաների` շատերին երկրորդ կյանք պարգևել:

Բժշկի մասնագիտությունն է ընտրել նաև Արա Բաբլոյանի կինը` Մանուշակ Վահանի Երիցյանը: Նա ծնվել է Երևանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների և մանկավարժի ընտանիքում: 1973թ  ոսկե մեդալով ավարտել է  Երևանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը:

Առողջապահության ոլորտում Արա Բաբլոյանի ներդրած լավագույն ավանդույթները շարունակում են նրա երկու որդիները` Արման և Սերգեյ Բաբլոյանները:

Բժշկական ամուր ավանդույթներ ունեցող Բաբլոյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է դեռևս բժիշկների երեք սերունդ, սակայն չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում «Բաբլոյան» բժշկական ազգանուն կրեն նաև Արա Բաբլոյանի թոռնիկները` համալրելով կոչումով բժիշկների մեծ գերդաստանը:

Նախագծի տեքստային և վիդեո ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

 

http://moh.am/?section=static_pages/index&id=679&subID=680

https://www.youtube.com/watch?v=TLjvHx0Ia7o

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ