Գոհար Ենոքյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. պատգամավորները ստորագրահավաք են սկսել

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը: Վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառանալով Հալեպում տիրող վիճակին. «Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Հալեպում ծանր է հայ բնակչության համար, մոտավորապես 20-30.000 հայեր ֆիզիկական ոչնչացման եզրին են կանգնած: Մենք ունենք որոշակի առաջարկ այս իրավիճակում ԱԺ գորոծղությունների վերաբերյալ»: Պատգամավորն առաջարկեց ընդմիջմանը խմբակցությունների ղեկավարներին հրավիրել ԱԺ նախագահի մոտ՝ քննարկելու՝ ինչ միջոցառումներ կարող են կազմակերպել:
Ապա վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով երեկ երեկոյան ձերբակալված ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի մասին. «Մենք չենք կարող ձև անել, որ որևէ բան երեկ տեղի չի ունեցել: Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին, ԳԽ նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը, որի հանդեպ խափանման միջոցն ընտրվել է կալանքը:
Երեկ եղել եմ Էրեբունու ՁՊՎ-ում և պնդում եմ, որ տիկին Ենոքյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»: Նա հորդորեց բոլորին միանալ ԲՀԿ պատգամավորներին, ովքեր խափանման միջոցը փոխելու ստորագրահավաք են նախաձեռնել, քանզի րոպե առաջ 73-ամյա Գոհար Ենոքյանի խափանման միջոցը պիտի փոխվի:
«Ես վստահ եմ, որ Գոհար Ենոքյանն ազատության մեջ լինելով` հանրային որևէ վտանգ չի ներկայացնելու մեր «փառահեղ արդարադատության» համար իրենց արդարադատ վճիռը կայացնելու»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նկատեց, որ այս հարցով մտահոգ է նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Զոհրաբյանն իր հորդորն ուղղեց ԱԺ բոլոր կին պատգամավորներին:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ձերբակալվել և էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։
73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։