04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) այսօր՝ ապրիլի 28-ին, հաստատել է իր նոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը: ՀԿՀ-ն այս կրթաթոշակը հայտարարել է պրոֆեսոր Հովհաննիսյանի կողմից ամբողջ կյանքի ընթացքում Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության գործում անձնական մեծ ներդրումը ճանաչելու նպատակով: 

Այն նախատեսված է հայազգի տաղանդաշատ երիտասարդ գիտնականների համար, ովքեր նպատակ ունեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնասիրել ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագործության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական եւ քաղաքական ասպեկտներում, ինչպես նաեւ հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության մեջ:

Այս տարի հայ ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մինչ օրս, Թուրքիան փորձում է լռության մատնել անցյալը՝ տարաբնույթ մարտավարական հնարքների միջոցով: Մինչդեռ, վերջինս այդ ընթացքում նաեւ միջազգային տարբեր համաձայնագրերի շրջանակներում շարունակում է օգուտներ քաղել: Փաստացի, այն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այդպիսով՝ չվերացնելով այդ ահռելի հանցագործության հետեւանքները:

Ակնկալելով մարդու իրավունքների մերժման ու կորսված ժառանգության վերականգնման գործընթացի նոր փուլի մեկնարկը, անհրաժեշտություն է առաջանում վերաքննության ենթարկել եւ ընդլայնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդող ռազմավարություններն ու մարտավարությունները:

Վերջինս ենթադրում է հիմնարար հետազոտությունների ու բանավեճի խորացման շարունակական գործընթաց՝ միտված կորուստների փոխահտուցմանն ու մերժված իրավունքների վերականգնմանը:  Հետեւաբար, այդ հետազոտությունները պետք է միջոլորտային եւ համապարփակ մոտեցում որդեգրեն՝ ուսումնասիրելով կորուստների թե պատմական, թե ապագայի ազդեցությունները տարբեր տեսանկյուններից:

«Մարդու իրավունքների ամենասոսկալի ոտնահարման ձեւ հանդիսացող ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել այս երեւույթի առաջացման պայմանների ու դրանց հաջորդող մասսայական բռնությունների ընկալմանը՝ առաջարկելով ցեղասպանության կանխարգելման մարտավարություններ ու միջոցառումներ», նշում է կրթաթոշակայի հանձնախմբի անդամ Նվարդ Մանասյանը:

«Հայոց Ցեղասպանության դեպքում հարկ է մշակել եւ իրականացնել միջառարկայական հետազոտություններ, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել հայ ազգի վրա այս ոճրագործության առաջացրած ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային բացասական, հաճախ նաեւ անդառնալի ազդեցությունը ու ըստ այդմ նաեւ գնահատել հատուցման ձեւաչափն ու ծավալը»:

Այս կրթաթոշակը հնարավորություն կստեղծի ուսումնասիրել մի ամբողջ ազգին պատկանող ժառանգության լայն շրջանակը, ըստ այդմ նաեւ գնահատելով հատուցման ձեւաչափն ու ծավալը, որի արդյունքները կհարստացնեն պետական, դիվանագիտական ու հանրային հարթակներում բանավեճի խորացումը:  Հետաքրքրված անհատներն ու կազմակերպությունները կարող են կրթաթոշակի պայմանների մասին լրացուցիչ տեղեկանալ՝ այցելելով ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կայք:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ