Հացադուլի մեջ գտնվող Գևորգի վիճակը կտրուկ վատացել է

Հիմնադիր խորհրդարանի անդամ կալանավորված Գևորգ Սաֆարյանը արդեն 12 օր է հացադուլի մեջ է գտնվում։
Սաֆարյանի պաշտպան Գևորգ Դավթյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սաֆարյանի ինքնազգացողությունը վատացել է։
«Դե 12 օր հաց չի կերել այդպես էլ պետք է լիներ։ Իրեն շատ թույլ է զգում, բացի այդ Գևորգը նաև երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Այս պահին գտնվում է հսկողության տակ, եթե կարիք լինի կտեղափոխենք դատապարտյալների հիվանդանոց»,-ասաց Դավթյանը։
Պաշտպանը նշեց, որ հանդիպումների ընթացքում Գևորգին հորդորում է դադարեցնել հացադուլը, սակայն Գևորգը հորդորները չի լսում․«Նա միայն ասում է, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ մինչև արդարության հասնեն»,- ասաց պաշտպանը, ով երեկ է տեսակցել Գևորգ սաֆարյանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեցին և ապա կալանավորվեցին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Գևորգ Սաֆարյանը։ Նրանք մեղադրվում էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։
Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանների բողոքը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ։ Կալանավորման որոշումը փաստաբանական խումբը պատրաստվում է բողոքարկել վճռաբեկ դատարանում։«Պետք է դիմենք վճռաբեկ դատարան, ապրիլի 24-ը անցավ գուցե դրական փոփոխություններ լինեն նրանց կայացրած որոշումներում»,-ասաց Դավթյանը