Ադրբեջանցիները դիվերսիայի հերթական փորձն են կատարել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից ու 60մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ:
Շուրջ 15 րոպե տևած փոխհրաձգության արդյունքում` հակառակորդը կրելով մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի 1 արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի /Վինտարեզի/ 1 պահունակ` 4 փամփուշտով, 1 կարճաթև շապիկ, 1 մանգաղ, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ ու ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հեռակառավարման եղանակով փորձել է իրականացնել զինվորական մեքենայի պայթեցում: Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին դիմակայելու ընթացքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել իրադրությունը և վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն»,-ասված է ՊՀ հաղորդագրության մեջ: