21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հիմա ես ինձ համար եմ երգում, այն էլ շա՜տ կամաց». Կոմիտասի ողբերգությունը

Այսօր հայ երգահան, երգիչ, վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրն է: Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

1915 թվական… Անաստոլիայի խուփերն աքսորվեցին ավելի քան 200 հայ մտավորականներ, որոնց մեջ էր եւ Կոմիտասը: Այդ դժնդակ օրերից մեկում անմեղ մեղավորները հասնում են Թուրքիայի խորքերի տատասկոտ հողաբլուրների վրա կուչ եկած մի հայ համայնք, որի բնակիչները իրենց բարձերն ու վերմակները տրամադրում են աքսորականներին:

Փշածածկ կավաքարերի մեջ ծվարած փոքրիկ եկեղեցում Կոմիտասը հուզված երգում է «Տեր ողորմյան»: Երկու ամիս անց համայնքը հիմնովին բնաջնջվում է … Շարունակվում է սվինապատ ճամփան: Վերջին հանգրվան: Չորսդին անապատ` մռայլ, խոժոռ: Ու երբ մահը մոտ էր, հեւիհեւ հասած սուրհանդակը պաշտոնական ծրարը սպաներից մեկին տալով` հայտարարում է. «Կոմիտասին ձեռք չտալ: Միջնորդություն է հարուցված նրան հետ կանչելու համար, ասում են, որ նա մե՜ծ մարդ է, շա՜տ մեծ մարդ է»:

Թեեւ Կոմիտասը ողջ մնաց, բայց հարազատ ժողովրդի դժոխային սպանդի ահասարսուռ պատկերներից հալածված, զգայուն հոգու տեր երաժիշտը կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Կոմիտասին տեղափոխում են Շիշլիի «Լա Բե» հոգեբուժարանը, որտեղ մնում է երկու տարի: Նրա բարեկամները, նյութական օժանդակություն կազմակերպելու նպատակով, դիմում են Երուսաղեմի պատրիարքին.

«Հայ ժողովրդի սոխակը վանդակվսւծ է եւ զուրկ կորեկե»: «Սեր սնդուկը դատարկ է»,- լինում է պատասխանը: … 1918 թ. կազմակերպվում է «Կոմիտասի խնամատար հանձնաժողովը», որի նախաձեռնությամբ մեծ առաքյալին փոխադրում են Փարիզ` հատուկ բուժման, որտեղ մնում է շուրջ տասնվեց տարի:

1921թ. Կոմիտասին է այցելում նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: Այդ օրը, իր կյանքում առաջին անգամ, Կոմիտասը մերժում է երգել.

«Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում, եւ այն էլ շա՜տ կամաց»: Ականատեսների վկայությամբ` Կոմիտասը խուսափում էր ծանոթներից, որոնց ներկայությունը բորբոքում էր նրան: Իսկ անծանոթների ներկայությունը տագնապ չէր հարուցում, նրանց հետ մեղմ էր, զրուցում էր:

… 1935 թ. հոկտեմբերի 22-ն էր: Հայոց եկեղեցում, Կոմիտասի դագաղի առաջ, շատերի նման գլուխ խոնարհեց նաեւ Միջազգային երաժշտական ընկերությունը` հանձին Կուրտ Սաքսի եւ Ֆրանսիական երաժշտական ընկերությունը:

Կառավարական սենյակի ստաջ կանգ է առնում սեւով պատած մի վագոն, որի վրա սպիտակ տառերով գրված էր «Կոմիտաս»:

Ժողովուրդը ձեռքերի վրա Կոմիտասին դուրս է բերում կայարանից: Հաջորդ օրը Հայֆիլհարմոնիայի դահլիճ ձգվեց մարդկային հոսքը` վերջին հրաժեշտը տալու Կոմիտասին: Դահլիճում հնչում էր կոմիտասյան երաժշտությունը: … Թափորը մտնում է Հին գերեզմանոցը եւ բռնում Պանթեոնի ճանապարհը:

… Լեզվաբան Մանուկ Աբեղյանի սրտառուչ խոսքերը ներկաների աչքերից արցունքներ են քամում. «Այսօր թուխպ է իջել հայ ժողովրդին, որովհետեւ նա բաժանվում է քեզանից, բայց մենք բաժանվում ենք միայն քո հոգնատանջ մարմնից: Արարատյան դաշտավայրում հանգստանալն է եղել քո ցանկությունը եւ այսօր ահա կատարվում է այն:

Դու կաս եւ կմնաս այնքան ժամանակ, որչափ որ կապրի ստեղծագործ հայ ժողովուրդը: Մենք ամեն օր լսում ենք քո երգերը: Այսօր մենք ունենք հայրենիք, եւ դարավոր անտունիները տուն են վերադառնում: Բայց դու հոգնած ես, իմ ընկեր՝ եղբայր Սողոմոն:

Տառապանքներ ես տեսել, զարհուրանքներ ես կրել, այժմ քեզ հարկավոր է հանգիստ ու անդորր:

Երգեցիկ խումբը երգում է «Անձրեւն եկավ շաղալեն», եւ, ո՜վ զարմանք, «անձրեւ» բառի վրա երկինքը հանկարծ հեղեղվում է: Անձրեւի ու խմբական երգի ներքո Կոմիտասն իջնում է իր հավիտենական բնակարանը …:

Լուսանկարում Կոմիտաս Վարդապետն է`1935 թիվ, Ֆրանսիայի հոգեբուժարանում:

Ներկայացրեցինք հատված Մանուշակ Շիրինյանի «Հուշերի արահետներով» գրքից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ