Մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ. Շարմազանովը` Դավութօղլուին
“Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող”,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին :
Հիշեցնենք, Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե “երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել”:
“Ի գիտութուն, թե Հայաստանից արեւմուտք եւ թե Արցախից արեւելք ընկած երկրների ղեկավարների` եւս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, եւ այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները:
Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը …
Անընդունելի եմ համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը եւ եւս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ”,-ասվում է ԱԺ փոխխոսնակի հայտարարության մեջ: