25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պապիս քրոջը թուրքերը նետել են թոնիրն ու այրել

Մուշեղ Շահինյանի պատմությունը

1885 թ., Մուշ, Արախս գյուղ

Մարիամ Շահինյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի՝ Մուշեղ Շահինյանի պատմությունը: Մուշեղը միացել է Անդրանիկի զորքին ու մինչև 1920 թվականընրա հետ միասին կռվել Արևմտյան Հայաստանում: Նրա ընտանիքի բոլոր անդամներին սպանել են, իսկ քրոջը նետել թոնիրն ու այրել:

«Պապիս գերդաստանն ապրել և ստեղծագործել է Մշո Արախ (Արախս) գյուղում: Մեր տոհմի ազգանունը Շահինյան է: Պապիս պապը՝ Մուրադ Շահինյանը, աշխատասեր, քաջ ու հայրենասեր է եղել: Նա ունեցել է երկու որդի՝ Հովհաննեսը և Մուշեղը, և մեկ աղջիկ՝ Խանասլին: Պապիս հայրը Մուշեղ Շահինյանն է: Նա ծնվել է1885թ, իսկ ծննդյան ամիս- ամսաթիվը հայտնի չէ: Նա պատմում էր, թե երբ փոքր է եղել, հաց է տարել հանդում գտնվող իր ավագ եղբորը՝ Հովհաննեսին, և տեսել է, թե ինչպես է իր եղբայրը կռվի բռնվել 10 թուրք ասկյարի հետ: Թուրք ասկյարները սպանում են Հովհաննեսին, ու այդ պատկերը դաջվում է Մուշեղ պապիս հիշողության մեջ:

Այդ դեպքից տարիներ հետո Մուշեղը մտնում է զորավար Անդրանիկի զորք՝ որպես տասնապետ: Անդրանիկի զորքում նա ճանաչված, քաջ ու խիզախ տասնապետ է եղել: Եվ քանի որ նա Մշո Արախ գյուղից էր, նրան կանչել են Արխա Մուշեղ:

1915 թվին նա գնում է իր հայրենի գյուղ, այցելում է քրոջը՝ Խանասլիին, և զգուշացնում է, որ գյուղին վտանգ է սպառնում, որ պետք է հեռանալ գյուղից, բայց Խանասլին հրաժարվում է գյուղը լքել: Մուշեղը նորից միանում է զորքին: 1915թ. Վարդավառի հաջորդ օրը Մուշեղը վերադառնում է Արախ և ինչ տեսնի, ամբողջ գյուղը հրի է մատնված, ժողովուրդը՝ կոտորված: Նա գնում է տուն, տեսնում է ծնողները սպանված են: Գնում է քրոջ՝ Խանասլիի տուն, նրանց ընտանիքի բոլոր անդամները նույնպես սպանված էին, իսկ Խանասլիին նետել էին թոնիրը և այրել:

Մուրադը ունեցել է նաև եղբայր, որի ընտանիքը նույնպես զերծ չի մնացել Ցեղասպանությունից, և նրա որդինորից մեկը հայտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ ընթացքում Արխա Մուշեղը շարունակում է կռվել Անդրանիկի զորքում, և նրա մասին հյուսվում է երգ՝ «Առաքել, Մուշեղ լեռներից իջան»:

Նրա մասին գրվել են նաև գրքեր, պատմվածքներ և բանաստեղծություն: Մինչև 1920թ. Արխա Մուշեղը պայքարել է Արևմտյան Հայաստանում, իսկ այնուհետև Անդրանիկի և իր զինակիցների հետ միասին անցել է Արևելյան Հայաստան:

1921թ. Մուշեղ պապս ամուսնանում է Շողակաթի հետ՝ Արխա Զորիկի քավորությամբ: Բնակվում է Վերին Սասնաշենում, և ունենում է երեք որդի և երկու աղջիկ: 1945թ. Մուրադի եղբոր որդին ԱՄՆ-ից գալիս է Հյաստան՝ որոնելու Մուշեղին, բայց չգտնելով վերադառնում է ԱՄՆ: Նրա գնալուց հետո է Մուշեղը տեղեկանում նրա գալու մասին, բայց արդեն ուշ է լինում, և այդպես էլ ընդմիշտ կորցնում են միմյանց: Էրգրի կարոտը միշտ եղել է պապիս՝ Արխա Մուշեղի հոգում, դրա համար նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է սահմանամերձ Երվանդաշատ գյուղ, որպեսզի սահմանը բացվելուն պես ժամ առաջ գնա էրգիր, հայրենի գյուղ: Բայց այդպես էլ կարոտը ու Ցեղասպանության մղձավանջը սրտում մահացել է 1963թ. Երվանդաշատում»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ